Մատչելիության հղումներ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը սահմանում է քաղաքական գովազդի սակագները


Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի այսօրվա նիստում սահմանվել են հունվարի 21-ից պաշտոնապես մեկնարկող նախագահական քարոզարշավի ժամանակ հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հեռարձակվելիք քաղաքական գովազդի սակագները:

Խորհրդի նորանշանակ անդամ Վարդան Կոպյանի փոխանցմամբ, Հայաստանի նախագահի առաջադրված թեկնածուների նախընտրական քարոզարշավի իրականացման համար տրամադրվելիք 120 րոպե վճարովի եթերի յուրաքանչյուր րոպեի համար սակագին է սահմանվել 70 հազար 800 հարյուր դրամ, (120 դոլար)՝ ներառյալ ավելացրած արժեքի հարկը: Հանրային ռադիոյի գերկարճ, միջին, երկար ալիքներով քաղաքային եւ լարային ցանցով քաղաքական գովազդի սակագինը սահմանվել է մեկ րոպեն 17 հազար 700 հարյուր դրամ (30 դոլար):

Ըստ օրենքի, ամբողջ քարոզարշավի ընթացքում յուրաքանչյուր թեկնածուի քաղաքական գովազդը հեռարձակելու համար հանրային հեռուստատեսությամբ 60 րոպե անվճար եւ 120 րոպեից ոչ ավելի վճարովի եթերաժամի հնարավորություն է տրվում, իսկ հանրային ռադիոյով՝ 120 րոպե անվճար եւ 180 րոպեից ոչ ավելի վճարովի եթերաժամ:

Մոտավորապես նույնն է լինելու նաեւ քաղաքական գովազդի սակագինը մասնավոր հեռուստաընկերություններում: Վերջերս 5 հեռուստաընկերությունների («Պրոմեթեւս», «Արմենիա», «Շանթ», ԱԼՄ» եւ «Կենտրոն») տնօրենները բանակցությունների արդյունքում միասնական գովազդային քաղաքականություն վարելու հարցում համաձայնության էին եկել՝ սահմանելով 1 րոպե վճարովի եթերաժամի նվազագույն սակագինը դեցիմետրային ալիքների համար 120, իսկ մետրայինների համար՝ 130 դոլար:

Այսպիսով հունվարի 21-ից ամեն օր ժամը 19.00-20.30-ը հանրապետության ընտրազանգվածը նախագահի թեկնածուների թե' վճարովի եւ թե' անվճար քաղաքական գովազդները դիտելու հնարավորություն կունենա:

Ընդդիմադիր միավորման կազմից «Հանրապետություն» կուսակցության մամուլի պատասխանատու Սուրեն Սուրենյանցի կարծիքով, սակայն, ինչպես հանրային, այնպես էլ մի քանի այլ հեռուսատեսություններով արդեն հեռարձակվում է նախագահի առաջադրված թեկնածու, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գովազդը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG