Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ նախագահին մեղադրել է անգործության մեջ... չի՞ պատրաստվում մեղադրանքին արձագանքել նաեւ նախագահը», - «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանը պատասխանել է. - «Անհասկանալի է, թե ում է անգործության մեջ մեղադրում Րաֆֆի Հովհաննիսյանը։ Մեղադրանքն ակնհայտորեն սխալ է հասցեագրված»։ Վահե Գաբրիելյանի պարզաբանումներով, եթե անգամ դատարանը Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին որոշում ընդուներ, միեւնույն է, հայցի բավարարումը որեւէ կերպ չէր օգնելու իր հայտարարած նպատակին՝ ՀՀ նախագահի թեկնածու գրանցվելու իրավունքին. - «Վճիռն ուժի մեջ կմտներ այն ժամանակ, երբ թեկնածուներն այլեւս գրանցված կլինեին։ Այսպիսով, հասկանալի է, որ դատական գործընթացը նախաձեռնվել էր այլ նպատակներով եւ չի բացառվում, որ ծրագրված ավելի մեծ շոուի մաս է կազմում»։

Անդրադառնալով խնդրի բարոյական կողմին եւ իշխանությունների պահվածքին, «Օրրան»-ը ձեւակերպում է. - «Հնարավոր է անգամ, որ դիմումը նրան չէր ուղղված` ում պետք էր, այնպես չէր գրված` ինչպես պետք էր, այն ժամանակ չէր գրվել` երբ պետք էր, նրան չէր տրվել` ում պետք էր... Իսկ Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ, ո՞ւմ, ինչպե՞ս է դիմել եւ ե՞րբ, ինչպե՞ս, ումի՞ց, ինչո՞ւ է քաղաքացիություն ստացել: Էդ ոնց եղավ, որ անկախացած ԼՂՀ-ում միայն մեկ ՀՀ քաղաքացի գտնվեց, որը կարող է եւ ընտրել, եւ ընտրվել: Ու հենց այդ մեկն էլ՝ ինքն է»:

«Առավոտ»-ի խմբագրի հայացքով, եթե վերջին 11 տարում Հայաստանում կա մի ազատություն, որն ապահովված է ամբողջությամբ եւ բազմակողմանիորեն, դա իշխանության արժանիքները ներկայացնելու եւ նրա հակառակորդներին «սխալ հանելու» ազատությունն է: «Եվ պետական, այնուհետեւ՝ ազգային, իսկ հիմա՝ հանրային հեռուստատեսությունը այս 11 տարում նման ազատության առաջամարտիկն էր», - արձանագրում է Արամ Աբրահամյանը՝ հավելելով. - «Ով էլ նշանակվի Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, կոնցեպտուալ առումով Հանրային հեռուստատեսությունում ոչինչ չի փոխվի»:

Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանը, «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ներկայացնելով իրենց հետազոտությունների ընդհանուր պատկերը, նշում է. - «Ընտրողներից ստացած 30-35 տոկոս վստահության քվեն Ռոբերտ Քոչարյանին անհասանելի է դարձնում, քանի որ Ստեփան Դեմիրճյանի, Արտաշես Գեղամյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը ոչ մի հարցման մեջ չի գերազանցում 8-10 տոկոսը»: Ըստ Պողոսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախագահական թեկնածու չգրանցելու հանգամանքը ուժերի հարաբերակցության մեջ գրեթե ոչինչ չի փոխում»: «Միանգամայն կանխատեսելի է, որ նախագահության առնվազն 5-6 քիչ թե շատ լուրջ թեկնածուներից միայն գործող նախագահը իրական հնարավորություն ունի՝ իր բարձր վարկանիշի հաշվին ապահովել ձայների զգալի տարբերություն եւ հաղթել հենց առաջին փուլում», - կանխատեսում է Գեւորգ Պողոսյանը:

«Հայկական ժամանակ»-ը հրապարակել է Նախընտրական տեխնոլոգիաների կենտրոնի՝ հունվարի 6-8-ը Երեւանում անցկացված հարցման արդյունքները: Հարցախույզի 600 մասնակիցների ավելի քան 24 տոկոսը ձայնը տվել է Ռոբերտ Քոչարյանին, երկրորդ տեղում Ստեփան Դեմիրճյանն է՝ մոտ 11,5 տոկոսով, երրորդում՝ Արտաշես Գեղամյանը՝ 10 տոկոսից ավելի ցուցանիշով: Ըստ Կենտրոնի ուսումնասիրությունների, նախորդ հարցման համեմատ սեփական ձայների տոկոսային համամասնության աճի ցուցանիշով Վազգեն Մանուկյանն այս անգամ գերազանցել է բոլոր մյուս թեկնածուներին:

«Առավոտ»-ում տպագրված են Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարցման արդյունքները: Հեռախոսով անցկացված հարցմանը մասնակցել է 669 մարդ: Նախագահական ընտրությունները եթե անցկացվեին հունվարի 9-ին, այդ մարդկանց 21 տոկոսից ավելին ձայն կտային Ռոբերտ Քոչարյանին: Նրան հաջորդում է Ստեփան Դեմիրճյանը՝ մոտ 6,5 տոկոսով:

«Հայոց Աշխարհ»-ը ներկայացնում է «Գլոբ Նյուզ» վերլուծական գործակալության ուսումնասիրությունը: Դեկտեմբերի 17-20-ը Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում անցկացված հարցումն ընդգրկել է 2151 մարդ: Հարցվածների 39 տոկոսը ձայնը տվել է Ռոբերտ Քոչարյանին: Երկրորդ տեղում այստեղ Արտաշես Գեղամյանն է՝ 9,4 տոկոսով, երրորդ տեղում՝ Ստեփան Դեմիրճյանը՝ ավելի քան 8 տոկոսով:

«Լեյտենանտ Շմիդտի որդիները» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Երեկ տեղի ունեցած ասուլիսում նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը հայտարարել է, որ իր նախընտրական հոլովակում դրվագներ են օգտագործվելու իր եւ Պուտինի՝ նախկինում տեղի ունեցած հանդիպումներից, Ռոբերտ Քոչարյանը հաջորդ շաբաթ մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ նկարվելու, Արտաշես Գեղամյանն ամեն ինչ անում է, որ իր եւ Ռուսաստանի կապը ակնհայտ դառնա... Կարճ ասած, տպավորությունն այնպիսին է, որ առաջիկա ընտրություններում մենք ոչ թե Հայաստանի նախագահ ենք ընտրելու, այլ «Արմենիա» գավառում ցարի լիազոր գեներալ-գուբերնատոր»:

Նույն թերթը տեղեկացնում է, որ Հայաստանի գլխավոր դատախազին առընթեր քննչական խմբի մի քանի անդամներ երեկ առավոտյան խուզարկել են ազատ լրագրող Վահագն Ղուկասյանի բնակարանը. - «Խուզարկությունն ընթացել է Տիգրան Նաղդալյանի սպանության գործի նախաքննության շրջանակներում: Դատախազությունը փնտրել է քննությանը հետաքրքրող իրեր եւ փաստաթղթեր: Արդյունքում դատախազություն են տարել Վահագնին, նրա համակարգիչը, մի քանի դիսկետ»:

Անդրադառնալով գլխավոր դատախազության հայտարարությանը, ըստ որի 250 հազար դոլարով պարգեւատրվելու է այն անձը, ում հաղորդած տեղեկությունները կօգնեն բացահայտել Նաղդալյանի սպանության հեղինակներին, «Հայկական ժամանակ»-ը հեգնում է. - «Ընտանեկան» եւ «Բարի» լոտոները պետք է լրջորեն մտածեն իրենց հետագա անելիքների մասին: Նրանք ձեռք են բերել մի նոր՝ ամենալուրջ մրցակից՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG