Մատչելիության հղումներ

Ատոմակայանը կվերագործարկվի առանց վերալիցքավորման


Ինչպես ուրբաթ օրը հայտարարեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, Մեծամորի ատոմակայանը կվերագործարկվի այս ամսվա վերջին՝ առանց ծրագրված վերալիցքավորման: Ատոմակայանի ռեակտորը կրկին կկանգնեցվի ապրիլին: Նախարարի պնդմամբ, միջուկային վառելիքի մատակարարման հարցում արդեն համաձայնություն է ձեռք բերվել ռուսական կողմի հետ եւ որոշվել է վերալիցքավորումը հետաձգել՝ խուսափելու համար հաջորդ ձմռանը ատոմակայանը կրկին կանգնեցնելուց:

Ատոմակայանը կանգնեցվել էր անցած հոկտեմբերին՝ միջուկային վառելիքի մեկ երրորդը վերալիցքավորելու նպատակով, ինչի համար հարկավոր է մատակարարին վճարել 8 մլն դոլար: Մովսիսյանը այսօր ասաց, որ գնվելիք վառելիքի քանակը գրեթե կրկնապատկվել է, որպեսզի ատոմակայանը կարողանա աշխատել 300 «էֆեկտիվ օր»: Վառելիքի Հայաստան է բերվելու ապրիլի վերջին:

Ատոմակայանն է արտադրում Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 45 տոկոսը: 27 տոկոսը արտադրում են ՋԷԿ-երը, մնացած 20 տոկոսից մի քիչ ավելին՝ հիդրոէլեկտրակայանները: Խոշոր տասը ՀԷԿ-երից բացի, կան նաեւ մեկ տասնյակից ավելի սեփականաշնորհված փոքր հիդրոկայաններ, որոնց քանակը առաջիկա 20 տարվա ընթացքում 40-50 ավելացնելու ծրագիր ունի կառավարությունը: Դրա իրականացվելու դեպքում դրանց միջոցով կսպասարկվի հանրապետությունում սպառվող էլեկտրաէներգիայի մինչեւ 35 տոկոսը:

Խոշոր հիդրոէլեկտրակայաններից մեկի՝ Քանաքեռի ՀԷԿ-ի 5-րդ եւ 6-րդ էներգաբլոկերը նախագահ Քոչարյանի մասնակցությամբ այսօր հանդիսավորությամբ վերագործարկվեցին: Գերմանիայի հետ միջկառավարական համաձայնագրի շրջանակներում KFW բանկի տրամադրան արտոնյալ վարկի միջոցներով վերագործարկված էներգաբլոկերը հնարավորություն կտան 64 մլն կիլովատտ/ժամով ավելացնել Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը:

Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG