Մատչելիության հղումներ

2003-ը կլինի Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի «ամենահանդարտ տարին»


Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են սառեցնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը մինչեւ գալիք տարի երկու երկրներում կայանալիք նախագահական ընտրությունների ավարտը:

«2003 թվականը Ղարաբաղի խնդրի կարգավորման ամենահանդարտ տարին, երեւի, կլինի», - շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը՝ պարզաբանելով. - «Վաղ գարնանը մեր նախագահի ընտրությունն է, ուշ աշնանը՝ Ադրբեջանի»:

Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահները վերընտրվելու մտադրություն ունեն եւ ընդդիմադիր ուժերի կողմից մեղադրվում են ազգային շահերի դավաճանության մեջ: Անցած ամիս Չեխիայի մայրաքաղաքում իրենց վերջին հանդիպման ժամանակ երկու նախագահներն էլ հաստատեցին, որ 2003-ին Ղարաբաղյան խաղաղ գործընթացում արմատական փոփոխություններ չեն լինի:

Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը անցնող տարվա ընթացքում մի շարք հանդիպումներ ունեցան՝ ամեն անգամ հայտարարելով, թե որոշակի առաջընթաց է գրանցվել բանակցային գործընթացում: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ ակնարկել է, թե ապագա պայմանագրի բազմաթիվ մանրամասներ արդեն համաձայնեցված են:

«Բավական լավ հիմք կա, որ նախագահական ընտրություններից հետո այս գործընթացը շատ ավելի արագ կերպով առաջ շարժվի», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Վարդան Օսկանյանը: Հայաստանի արտգործնախարարը ավելացրել է, որ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահները նույնպես հուսով են, որ ընտրություններից հետո կկարողանան «լուրջ հաջողությունների» հասնել:

«Ակնկալվում է նախագահների մակարդակով գործընթացի դանդաղեցում ակնհայտ պատճառներով՝ Հայաստանում նախագահական ընտրությունների, դրանից հետո Ադրբեջանում նախագահական ընտրությունների: Բայց, համենայն դեպս, պրոցեսը չի ընդհատվի», - ասաց Օսկանյանը: - «Նախագահների ներկայացուցիչների մակարդակով, երեւի, կլինեն ավելի ակտիվ եւ ավելի հաճախակի հանդիպումներ»:

Քոչարյանն ու Ալիեւը վստահ են, որ հաղթելու են ընտրություններում: Երկու նախագահները, ըստ հաղորդումների, կարծես թե մոտ էին խնդրի կարգավորմանը 2001 թվականի գարնանը Փարիզի եւ Քի Ուեսթի բանակցություններից հետո: Հայաստանի պաշտոնյաները հետագայում մեղադրեցին Ալիեւին ձեռքբերված պայմանավորվածություններից հրաժարվելու համար:

«Եթե Ադրբեջանն ընդուներ առաջարկված կարգավորումը, մենք արդեն խաղաղության համաձայնագրի իրագործման ճանապարհի կեսն անցած կլինեինք», - ասել էր Հայաստանի նախագահը Եվրատլանտյան գործակցության խորհրդի նիստի իր ելույթում Պրահայում անցած նոյեմբերի 22-ին:

Ադրբեջանցի պաշտոնյաները, սակայն, պնդում են, թե էական պայմանավորվածություններ այդ ժամանակ ձեռք չէին բերվել:


Հրաչ Մելքումյան եւ Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG