Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Անարդար կռվում արդարներ չեն լինում»


«Բավականաչափ իրազեկ մարդ եմ», - այսօր համակիրների ու իր թեկնածությունը պաշտպանող նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահի առաջադրված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նշեց, որ կարող է մեկ առ մեկ թվարկել ներկայիս եւ նախորդ նախագահների ու կառավարությունների կատարած սխալներն ու սայթաքումները. - «Բայց դա չեմ համարում ընտրապայքարին իմ մասնակցության գլխավոր առաքելությունը, քանզի գտնում եմ, որ անարդար կռվում արդարներ չեն լինում»:

Դեռեւս հայտնի չէ, մինչդեռ, թե Հայաստանի նախկին արտգործնախարար, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին որպես թեկնածու կգրանցի՞ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թե՞ ոչ: Հովհաննիսյանը հայցով դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ վիճարկելով Անձնագրային եւ վիզաների վարչության կողմից տրված տեղեկանքում իր ՀՀ քաղաքացիության ժամկետը: ԿԸՀ-ին ներկայացնելու համար տրված տեղեկանքում նշված է, որ Հովհաննիսյանը ՀՀ քաղաքացի է 2001 թվականից, մինչդեռ վերջինս պնդում է, որ իրեն ՀՀ քաղաքացի համարեն 1991 թվականից: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը հուսով է, թե դատարանը իր օգտին վճիռ կկայացնի:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, ի դեպ, փոխել է իր նախնական որոշումը թեկնածուի հայցը հունվարի 23-ին լսելու մասին (երբ արդեն ցանկացած որոշում ուշացած կլիներ, քանի որ թեկնածուների գրանցումը ավարտվելու է հունվարի 21-ին) եւ դատավարության օր է նշանակել հունվարի 8-ը:

«Այսօր շատերին թվում է, թե նախագահի պաշտոնը ինքնապարգեւ է, որը տրվում է երկրի համար ոչինչ չանելու կամ, որ ավելի վատ է՝ բացասականն անելու համար: Հենց այս մտածելակերպն է, որ ես ցանկանում եմ խարխլել», - այսօրվա հանդիպման ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով, թե վրա է հասել փոխադարձ մեղադրանքները մեկդի թողելու, անձնական եւ նեղ խմբակային շահը հաղթահարելու, պերճաբանությունն եւ անիրականալի խոստումները գործով փոխարինելու ժամանակը:

Նրա կարծիքով, ստեղծված կացության համար բոլորս ենք մեղավոր՝ մի մասը անօրինականություններ գործելու, մյուս մասը՝ դրանց մատների արանքից նայելու համար: «Հիրավի, ներկա կացության մեղավորը մեր հավաքական «ես»-ն է», - ասաց Հովհաննիսյանը: - «Եվ թողություն պետք է խնդրի նույն այդ հավաքական «ես»-ը»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG