Մատչելիության հղումներ

Շրջանառության մեջ կդրվեն նոր մետաղադրամներ


Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հունվարի 1-ից շրջանառության մեջ է դրվում 20 դրամանոց մետաղադրամը: Արդեն հատվել եւ հաջորդ տարվա հուլիսի 1-ից շրջանառության մեջ կդրվեն նաեւ 50, 100, 200 եւ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամները:

Այժմ շրջառության մեջ 10 դրամանոց թղթադրամներին զուգահեռ գործածվում են նաեւ 10 դրամանոց մետաղադրամները: Ձեւականորեն շրջանառության մեջ են նաեւ մետաղական լումաները, որոնցով, սակայն, ոչ ոք առեւտուր չի անում, քանի որ դրանց համարժեք գներ չկան։ Հայկական դրամի ներդրումից՝ 1993 թվականի նոյեմբերից հետո գերարժեզրկումը «խժռեց» լումաները, որոնք այժմ սոսկ մետաղադրամների կոլեկցիոներների հետաքրքրության դաշտում են:

«Ավելի արագ մաշվում են հատկապես փոքր անվանական արժեքի թղթադրամները», - մետադրամներով վերջիններս փոխարինելը փաստարկեց Կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների եւ դրամական պահուստների վարչության պետ Գեւորգ Թումանյանը: - «Դրանց խնդիրը այն է, որ դրանք ուշ են վերադառնում Կենտրոնական բանկ, որպեսզի փոխարինվեն նորերով»:

Այսօրվա ասուլիսում Գեւորգ Թումանյանը տեղեկացրեց, որ Լեհաստանում հատված ու Հայաստան բերված 20 դրամանոց մետաղադրամի պատրաստման ծախսը ավելի փոքր է, քան թղթադրամների տպագրության ծախսը: Թեեւ մետաղադրամների հատումը սովորաբար ավելի թանկ է նստում, սակայն դրանց ավելի երկար գործածության հաշվին այդ ծախսը լիովին փոխհատուցվում է։

Որպես կանոն երկրների մեծ մասում մետաղադրամի եւ թղթադրամի սահմանագիծը որոշվում է՝ ելնելով մեկ շնչին ընկնող օրական եկամտի մեծությունից։ Ըստ Գեւորգ Թումանյանի, մեզանում այլ մոտեցում է ցուցաբերվել. - «Մինչեւ 500 դրամանաց թղթադրամները շատ ավելի դանդաղ են շրջանառում բանկային համակարգով, այսինքն՝ նրանց մեկ պտույտի տեւողությունը շատ ավելի երկար է»:

Ինչ վերաբերվում է 1000 դրամ եւ ավելի բարձր նոմինալի թղթադրամներին, ապա դրանք, Թումանյանի խոսքերով, ավելի վերահսկելի նոմինալներ են», որոնք մշտապես թարմացվում են՝ փոխարինվում են նորերով:

Պաշտոնյան ժխտեց, թե թղթադրամների փոխարինումը մետաղադրամով դրամի արժեզրկման վտանգ կամ միտում է պարունակում։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG