Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը հաստատեց 2003 թվականի պետական բյուջեն


Ազգային ժողովի 131 պատգամավորներից 87-ի մասնակցությամբ այսօր հաստատվեց 2003 թվականի պետական բյուջեն: Հաջորդ տարի պետբյուջեից կառավարությունը ծախսելու է 334 միլիարդ 200 միլիոն դրամ, եկամուտները կկազմեն 287 միլիարդ դրամ: Դեֆիցիտը 47 միլիարդ 200 միլիոն դրամ է։ Կառավարությունը, նախագծի նախնական տարբերակի համեմատությամբ, եկամտային մասն ավելացրել է շուրջ 53 միլիարդ դրամով, նույնքան էլ ավելացել է ծախսային մասը:

Այդ ավելացման առյուծի բաժինը, սակայն, պատգամավորների առաջարկած հավելումները չեն: Պարզապես, «Լինսի» հիմնադրամի հատկացրած գումարները՝ մոտ 80 միլիոն դոլարի չափով մտցվել են պետական բյուջեի կազմի մեջ, ինչը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել ինչպես «Լինսի» հիմնադրամի, այնպես էլ միջազգային դոնորների, առաջին հերթին՝ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի պահանջով։

Բացի «Լինսի» գումարները բյուջե ներառելուց, ըստ վարչապետի, բյուջեի եկամտային մասն ավելացվել է նաեւ այլ աղբյուրներից:

«Կենտրոնական բանկի ծախսերը կրճատեցինք եւ այդ գումարը ավելացավ ելքային մասին», - ասաց Անդրանիկ Մարգարյանը՝ ավելացնելով, որ լրացուցիչ գումարներից 500 միլիոն դրամ կհատկացվի ընտանեկան նպաստների ավելացմանը: Եվս 500 միլիոն դրամ լրացուցիչ կուղղվի հաշմանդամ զինծառայողների կեսնաթոշակների ավելացմանը։

Համաշխարհային բանկը, ի դեպ, կառավարությանը ամանօյա, կարելի է ասել նաեւ՝ նախընտրական նվեր մատուցեց: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին բանկի երեւանյան գրասենյակից, երեկ բանկի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել Կառուցվածքային բարեփոխումների (ՍԱՔ) 4-րդ վարկի վերջին՝ բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման հետ կապակցված 20 միլիոն դոլար մասաբաժինը։

Պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակն այսօր ներկայացնելիս, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն ասաց, որ ստացած գումարով կփակվի առողջապահության բնագավառի անցյալ տարիներին պետության գոյացրած պարտքը: Ընդ որում, նախարարը վստահեցնում է, որ բուժաշխատողները գումարները կստանան մինչեւ Ամանօր :


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG