Մատչելիության հղումներ

Հայաստանը կտրականապես հերքում է ադրբեջանական հաղորդումները ռազմական հաջողությունների մասին


Հայաստանի զինվորականները չորեքշաբթի օրը կտրականապես հերքեցին ադրբեջանական այն հաղորդագրությունները, թե իրենց զինված ուժերը մարտերով տարածքներ են գրավել հայ-ադրբեջանական սահմանային գոտում: Ադրբեջանական ANS ռադիոկայանի պնդմամբ, Ադրբեջանի զինված ուժերը առանց կորուսների «ազատագրել են» հայերի կողմից վերահսկվող երկու գյուղ Ղազախի շրջանում: Հաղորդվել է նաեւ, որ երկրի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է հաստատել այդ տեղեկատվությունը:

«Նրանք մեծ երազողներ են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Նա ավելացրեց, որ սահմանի այդ հատվածում վերջին երկու շաբաթների ընթացքում լուրջ բախումներ չեն եղել:

Սահմանի այդ հատվածի երկայնքով տեղակայված հայկական ու ադրբեջանական զորքերի միջեւ, ըստ հաղորդագրությունների, փոխհրաձգություններ են եղել այս ամսվա սկզբին: Դրանց հետեւանքով զոհվել էր մեկ հայ սպա:

BBC-ի մոնիտորինգի զեկույցում նշված երկու գյուղերը՝ Ասքիփարա եւ Բաղանիս Այրում, փոքր արդբեջանական անկլավներ են Տավուշի մարզում, որոնք գրավվել էին հայերի կողմից Ղարաբաղյան պատերազմի հենց սկզբից: Նման դիրք ունեցող հայկական անկլավը նույն կերպ գրավվել է Ադրբեջանի կողմից 1992 թվականին:

Այս տարի նույն ANS ռադիոկայանը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի արեւելյան մասում արդբեջանական գյուղի ազատագրման մասին: Դա նույնպես կտրականապես հերքել էին ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի զինվորականները:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG