Մատչելիության հղումներ

Գործարարները վաղաժամ են համարում հարկային ոստիկանության ստեղծումը


Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը եւ նախագահության մի քանի անդամ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ամփոփեցին անցնող տարին: Միության նախագահ Արսեն Ղազարյանի մատուցմամբ, 2002-ը գործարարների համար առավել քան բարեհաջող տարի էր. այն կեզրափակվի 14,5 տոկոս տնտեսական աճով, արտահանումը կավելանա 51 տոկոսով, ինչը նորանկախ Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է:

Ասուլիսում շոշափվող հիմնական թեման, սակայն, հարկային տեսչությանը ոստիկանության կարգավիճակ տվող օրինագիծն էր, որը ներկայումս քննարկվում է Ազգայի ժողովի արտահերթ նստաշրջանում:

Ազգային ժողովի գործարար պատգամավորները երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, ընդհանուր առմամբ, կողմ էին հարկային ոստիկանության ստեղծմանը: Այսօրվա գրեթե ողջ ասուլիսը, մինչդեռ, վերածվեց այդ օրինագծի դեմ բուռն բողոքի: Արսեն Ղազարյանը, օրինակ, անհեթեթ է համարում հարկ չվճարելու մեղադրանքով գործարարին նախնական կալանքի ենթարկելը: Եվրոպական երկրներում Ղազարյանը դա նորմալ է համարում, սակայն երբ այն ոստիկանն է, որը «այսօր 90 տոկոսով գտնում է, որ մենք ստվերում ենք, բոլորս իրավախախտ ենք, նշանակում է մենք տալիս ենք մի գործիք [նրա] ձեռքը, եւ եղած տնտեսական նվաճումներն ու զարգացումը կարող է դրվել հարվածի տակ»:

Արդյունաբերողների գործարարների միության անդամ, «Աշտարակ կաթ» ընկերության նախագահ Աշոտ Ափոյանը ուղղակի հայտարարեց. - «Մենք այդ օրենքին դեմ ենք, որովհետեւ գիտենք, որ այն մեր հասարակության համար չէ, մեր տնտեսության համար չէ, մեր պետության համար չէ: Մեր ապագայի համար դա նպաստավոր չէ»:

Այդուհանդերձ, գործարարները հույս ունեն, թե այնուամենայնիվ, կհաջողվի կառավարության հետ լեզու գտնել այս հարցում, այլապես, պաշտոնապես գրանցվող եկամուտներն էլ կմղվեն ստվեր:

«Ես հույս ունեմ, որ մենք կհասնենք ոսկե միջինի», - ասաց Ղազարյանը: - «Այլապես մենք այս 14,5 տոկոս Համախառն ներքին արդյունքի աճը մյուս տարի չենք ունենա: Եկեք այն մոդելները, որ մենք 10 տարի հետո կարող ենք կիրառել, այսօր հապշտապ չանենք եւ չհասցնենք քանդիչ գործողությունների: Մեկ-երկու նման քայլ անելով, մենք բոլորս էլ կդառնանք ստվերային, կդառնանք մի համքարություն-երկիր, որտեղ մեկս մյուսին ճանաչելով հարց է լուծում: Այդ դեպքում պետականություն, սոցիալական ապահովվածություն, աղքատության նվազեցում... այս հարցերը կդառնան երրորդ-չորրորդ կարգի»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG