Մատչելիության հղումներ

Ստեղծվելու է հարկային ոստիկանություն


Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում այսօր քննարկվեց պետական հարկային ծառայության ռազմականացված ստորաբաժանման՝ հարկային ոստիկանության ստեղծման մասին օրինագիծը:

Օրենքի այս նախագիծը, անցնելու դեպքում, հարկային ծառայության մոտ երկու հարյուր աշխատակիցների օժտում է ոստիկանի բոլոր լիազորություններով՝ սկսած զենք կրելու ու այն օրենքով սահմանված կարգով բանեցնելուց մինչեւ մարդկանց ձերբակալելը, գործ հարուցելը, նախաքննական գործողություններ անցկացնելն ու հարկային հանցագործության մեջ մեղադրվողին պատժիչ մարմիններին փոխանցելը։

Հարկային ոստիկանությունը պետք է փոխարինի կազմակերպված հանցագործության դեմ պայքարող հայտնի ուժային կառույցներին՝ նախկին ներքին գործերի նախարարության 6-րդ վարչությանը եւ նախկին ազգային անվտանգության նախարարության 4-րդ վարչությանը։

Որոշ տեղեկություններով, կառավարությունը մտադիր էր հարկային ոստիկանությանը գործելու հնարավորություն տալ հաջորդ տարվա սկզբից: Այնուհետեւ, սակայն, նախընտրել է այն միառժամանակ հետաձգել՝ հավանաբար, նկատի առնելով առաջիկա ընտրությունների հանգամանքը։ Ամենայն հավանականությամբ, հարկային ոստիկանությունը կսկսի գործել հաջորդ տարվա կեսերից։

Խորհրդարանի գործարար պատգամավորները հանգիստ են վերաբերվում կառավարության այս նախաձեռնությանը: «Եվրոստան Ույուտ» ընկերության նախագահ, պատգամավոր Մանվել Բադեյանի կարծիքով, հարկային ոստիկանություն ստեղծելու անհրաժեշտությունը ակնհայտ է: Բադեյանը, սակայն, հավելեց, որ ստեղծվող ոստիկանության իրավասությունները ու լիազորությունները նախագծում հստակ չեն ձեւակերպված՝ հույս հայտնելով, որ դրանք կշտկվեն մինչեւ երկրորդ ընթերցում: Բադեյանը միաժամանակ համոզված է, որ ուժային կառույցների համակարգից հարկային հանցավորության դեմ պայքարի գործառույթների դուրսբերումը ճիշտ է, քանի որ այդ գործը մասնագիտական մոտեցում է ենթադրում:

Ի՞նչ չափանիշով պետք է որոշվի, թե որ դեպքում օրինախախտ հարկատուին ձերբակալել, իսկ որ դեպքում ազատվել տուգանքով: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին «ՍԻԼ» կոնցենռի նախագահ, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն առաջարկեց, որ մինչեւ մարդուն ձերբակալելը պարզեն, թե նա ինչքա՞ն հարկ չի մուծել:

«Առաջարկում եմ, որ դա լինի ուսումնասիրության, վերլուծության եւ համեմատության արդյունք», - ասաց նա:

Ինչ վերաբերում է մարդկանց ձերբակալելուն, ապա Սուքիասյանը համոզված է, որ դա պետք է անել ծայրահեղ դեպքերում, ասենք , չարամտորեն հարկերի վճարումից խուսափելու, չատոնագրված բիզնես վարելու, ինչպես նաեւ՝ ակցիզային դրոշմանիշ կեղծելու դեպքում:

«Վեդի Ալկո» ընկերության նախագահ, պատգամավոր Մանվել Ղազարյանը հարկային ոստիկանության ստեղծումը այսպես է գնահատում. - «Կա մի դրական բան, որ հարկատուն գործ կունենա միայն մեկ օրգանի հետ՝ հարկային մարմնի հետ», - «Ազատություն ռադիոկայանին ասաց Ղազարյանը՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ հարկային դաշտում կան սուբյեկտներ, որոնք լավ չեն տիրապետում գործող օրենքներին կամ չեն հետեւեւմ փոփոխություններին ու լրացումներին:

Նախագիծը առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղվա նիստում:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG