Մատչելիության հղումներ

Ռուսաստանը եւ Արեւմտյան տերությունները ձեռնպահ են մնում ադրբեջանամետ փոփոխության քվեարկության ժամանակ


Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Արեւմուտքի երկրների մեծամասնությունը փաստացիորեն չեն աջակցել «ՄԱԿ - ԵԱՀԿ համագործակցության մասին» բանաձեւում Ադրբեջանի մտցրած փոփոխությանը, որով Լեռնային Ղարաբաղի հարցով առաջարկվում է ադրբեջանամետ ձեւակերպում:

Հայաստանը, բնականաբար, դեմ է քվեարկել Ադրբեջանի առաջարկած փոփոխությանը: Թեեւ փոփոխությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ուրբաթ օրը ընդունել է «ձայների փոքր քանակով, սակայն քվեարկության արդյունքները հայկական կողմը դրական է գնահատում, քանի որ 101 երկիր ձեռնպահ է մնացել, իսկ 48 երկիր ընդհանրապես չի մասնակցել նշյալ քվեարկությանը», - տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը: - «ՄԱԿ-ի անդամ երկրներից 150-ը փաստացիորեն չեն աջակցել «ՄԱԿ-ԵԱՀԿ համագործակցության մասին» բանաձեւում Ադրբեջանի առաջարկած փոփոխությանը»:

1994 թվականից ի վեր ամեն տարի ընդունվող այդ բանաձեւում «Ադրբեջանի առաջարկությունը սատարող երկրների թիվը տարեցտարի նվազում է եւ այս տարի կազմել է միայն 37 երկիր՝ ընդգրկելով հիմնականում Իսլամական կոնֆերանսի անդամ մի շարք երկրների»: Կողմ են քվեարկել նաեւ հարեւան Վրաստանը եւ նախկին Խորհրդային Միության կազմից որոշ երկրներ:

Ձեռնպահ մնալու որոշում են կայացրել Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Եվրոպական Միության բոլոր մյուս անդամները: Հայաստանի արտգործնախարարություն հայտարարությունը դա մեկնաբանում է որպես այդ երկրների «բացասական վերաբերմունքը Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի այս հեղիանակավոր ատյանը շահարկելու նման փորձերի հանդեպ»:

Ձեռնպահ են մնացել նաեւ մահմեդական Ալժիրը, Եգիպտոսը եւ Ինդոնեզիան: Սաուդյան Արաբիան քվեարկության չմասնակցած երկրների շարքում է:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG