Մատչելիության հղումներ

Ստեղծվել է ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողով


2003-ի նախագահական ընտրություններում հնարավոր 15 թեկնածուներից 13-ի ներկայացուցիչների անդամակցությամբ ստեղծվել է ընտրությունների օրինակությունը վերահսկող հասարակական հանձնաժողով: Այստեղ ներկայացուցիչներ չուներ միայն գործող նախագահը, ում թեկնածությունը նույնպես առաջադրված է, եւ Ազգային համաձայնության կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը: Արամ Հարությունյանի հետ մինչեւ այժմ պարզապես չի հաջողվել կապվել, իսկ գործող նախագահի կողմից, ամենայն հավանականությամբ, ներկայացուցիչ չի լինի:

Նորաստեղծ հանձնաժողովի շաբաթ օրը կայացած հավաքում տեղեկացվեց, թե Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենտներից մեկը առաջարկը չի մերժել, սակայն որեւէ պատասխան չի ստացվել: Գործող նախագահի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Վահագն Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե նման մարմին ստեղծելու անհրաժեշտություն չկա:

«Մենք պետք է աշխատենք դա չդարձնել մինի-խորհրդարան», - ասաց Վահագն Մկրտչյանը՝ ավելացնելով, թե հասարական վերասկողություն իրականացնող կազմակերպություններ արդեն կան, եւ իրենց համար հստակ չեն նորաստեղծ հանձնաժողովի գործառույթները:

Դեկտեմբերի կեսերին ստեղծված հանձնաժողովը արդեն երկու նիստ գումարել է: Այսօրվա երրորդ նիստը անցավ լրագրողների մասնակցությամբ:


Նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչը այս հանձնաժողովում 1999 թվականի հոկտեմբերին 27-ին խորհրդարանի դահլիճում գնդակահարված Ազգային ժողովի փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին է:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այընտրանքային հասարակական մի հանձնաժողով է սա, որի գործունեությունը ես շատ կարեւորում եմ, որովհետեւ մենք ուրիշ ձեւ չունենք ընտրությունների ընթացքը վերահսկելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց տիկին Բախշյանը:

Մտադրությունը փաստորեն ընտրությունների վերահսկողությունը համախմբված կատարելն է, հնարավոր կեղծիքների վերաբերյալ տվյալները մեկտեղելը: Իրավաբանների մասնակցությամբ կքննարկեն դրանց ընթացք տալու, դատարան դիմելու հնարավորությունները:

«Այնպես վճռական ենք տրամադրված, որ յուաքանչյուր կեղծիքին տանք վճռական հակահարված», - ասաց Անահիտ Բախշյանը:

Այսօրվա նիստում խոսվեց «ոչ ազնիվ» ստորագրահավաքի մասին: Պետական, մասնավոր ձեռնարկությունների աշխատողների անձնագրերն են հավաքում, որ տվյալները լրացնեն գործող նախագահին պաշտպանող թերթիկներում, ուսանողներին են ուղարկում են ստորագրություններ հավաքելու՝ պայմանով, որ դրա դիմաց կնշանակեն ստուգարքները:

«Էդ ձեւով իրենք ստորագրություններ են հավաքում Ռոբերտ Քոչարյանի համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հանրապետություն» կուսակցությունից Արամազդ Զաքարյանը: - «Եվ նույն մեթոդներով փորձում են խանգարել մյուս թեկնածուների ստորագրահավաքին»:

Նախագահի շտաբից Վահագն Մկրտչանը, սակայն, չի կիսում տեսակետը, թե ստորագրահավաքի փուլում խախտումներ են կատարվել: Նրա խոսքերով, դա ընդամենը նախընտրական քարոզչություն է՝ փնովելով ու վարկաբեկելով, կարծիք ստեղծել, թե ժողովուրդը չի ընդունում Ռոբերտ Քոչարյանին:

Նա ավելացրեց, որ իրականում 35-40 հազար ստորագրություն հավաքելը մեծ խնդիր չէ գործող նախագահի համար, որը սոցիոլոգիական բոլոր հարցումների տվյալներով «ընդգծված առավելություն ունի մյուս բոլոր թեկնածուների հանդեպ»:

ՀԺԿ-ի շտաբի պետ Գրիգոր Հարությունյանի վկայությամբ, սակայն, մարզերում Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը շատ ցածր է, իսկ Երեւանում տատանվում է 5-10 տոկոսի սահմաններում:

Ինչ վերաբերում Ստեփան Դեմիրճյանի վարկանիշին, ապա Հարությունյանի խոսքերով, այն «ավելին է, ինչ սպասում էինք»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG