Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Պետք է բացառենք ուժային կառույցների միջամտությունը այս ընտրություններին»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելույթ ունենալով այսօր Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվող Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջացառմանը, ընդգծեց, որ իրավապահ մարմինների խնդիրը «օրենքների խիստ կիրառումն է», հատկապես՝ ընտրություններին վերաբերող բոլոր օրենքների:

«Ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար, թափանցիկ, եւ ուժային կառույցների, իրավապահ մարմինների միջամտությունը այս ընտրություններին մենք պետք է բացառենք», - ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Եվ այս մարմինների խնդիրը երկրում կայունության ապահովումն է եւ, իհարկե, ծայրահեղական դրսեւորումների բացառումը հատկապես նախընտրական ժամանակահատվածում»:

Շնորհավորանքից ու պետական բարձր պարգեւներ հանձնելուց բացի, Հայաստանի նախագահը այսօր խոսեց երկրի անվտանգության հայեցակարգի մասին. «Նոր մարտահրավերները շատ երկրների պարտադրում են վերանայել անվտանգության հայեցակարգը: Չենք կարող կողք մնալ այս պրոցեսներից: Ապրում ենք բարդ տարածաշրջանում եւ ունենք դեռեւս չկարգավորված ղարաբաղյան խնդիր, եւ այս ամենը մեզ պարտադրում է հատուկ ուշադրություն դարձնել անվտանգության խնդիրներին: Այս ամենի հետ զուգահեռ շատ պատասխանատու եւ հետաքրքիր անցումային շրջանում ենք. երկրի նոր արժեքային համակարգ է հաստատվում»:

«Մի կողմից անվտանգության հետ կապված խնդիրներ», - իր խոսքը շարունակեց Քոչարյանը: - «Մյուս կողմից ժողովրդավարացման խորացման գործընթացներ: Եվ այստեղ մենք պետք է այնպես անենք, որ մեկը մյուսի հաշվին չիրականացվի»:

Երկու օր առաջ Ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարությունները վերակազմավորվեցին՝ դառնալով կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության:

Ազգային անվտանգության տնօրեն Կառլոս Պետրոսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում չհամաձայնեց, թե վերակազմավորմամբ կարող է նսեմանալ համակարգի ազդեցիկությունը:

«Կառուցվածքային փոփոխությունների կարեւորություն այն է, որ համակարգը այսուհետեւ գլխավորելու է ոչ թե քաղաքական գործիչ, քաղաքական անձ, այլ մասնագետ, պրոֆեսիոնալ անձնավորություն», - ասաց նա՝ ավելացնելով. - «Անկախ նրանից, իշխանությունները կփոփոխվեն-չեն փոփոխվի, համակարգը գործելու է անխափան, առանց վայրիվերումների»:

«Էությունն է կարեւոր», - նույն խնդրի առիթով «Ազատություն» ռադիոկայանին ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: - «Այսինքն՝ այն խնդիրները, որ դրված են ծառայության առջեւ: Խնդիրների փոփոխություն չկա»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG