Մատչելիության հղումներ

Հանրահայտ շվեյցարական ընկերությունը գործունեություն է ծավալել Հայաստանում


Թարկարժեք ժամացույցներ արտադրող «Ֆրանկ Մյուլլեր» աշխարհահռչակ ընկերության հիմնադիր եւ սեփականատեր Ֆրանկ Մյուլլերը ուրբաթ օրը հայտարարել է, որ Երեւանում արդեն ֆիրմային խանութ բացած իր ընկերությունը աստիճանաբար ընդլայնելու է գործունեությունը Հայաստանում:

Վերջին տասնամյակի ընթացքում աշխարհահռչակ դարձած «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությունը անցած տարի գործարան էր բացել Հայաստանի մայրաքաղաքում: Այստեղ հավաքվող թարկարժեք ժամացույցները հիմնականում արտահանվում են: Հայաստանի պաշտոնյաների խոսքերով, ընկերության ներդրումները առաջիկա տարիներին կարող են հասնել մոտ 100 միլիոն դոլարի:

Այսօր Ֆրանկ Մյուլլերին ընդւոնել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հանդիպման ժամանակ շվեյցարացի գործարարը տեղեկացրել է, որ ընկերությունը աստիճանաբար ընդլայնում է իր արտադրական հզորությունները, արդեն իսկ կատարվել են որոշակի ներդրումներ, ներմուծվել են տեխնոլոգիաներ:

«Մեր ցանկությունն է Հայաստանը դարձնել ժամագործության ասպարեզում առաջատար երկիր եւ մտադիր ենք այդ նպատակով հրապուրել ու Հայաստան բերել շվեյցարական հայտնի ժամագործական ընկերություններին», - Հայաստանի նախագահին ասել է Մյուլլերը: Նրա խոսքով, Հայաստանը Շվեյցարիայի նման չունենալով բնական ռեսուրսներ, ունի մտավոր բարձր կարողություններով որակյալ աշխատուժ:

Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ ժամագործությունը Հայաստանի տնտեսության հեռանկարային ճյուղերից է՝ նկատի առնելով նաեւ այն հանգամանքը, որ փոքր է տրանսպորտային կոմպոնենտը: Նախագահի խոսքերով, կառավարությունը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել ընկերության գործունեությանը:

Ֆրանկ Մյուլլերի հետ հանդիպման ժամանակ ընկերության գործունեությանը աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG