Մատչելիության հղումներ

Վերակառուցման են ենթարկվել Հայաստանի ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունները


Չորեքշաբթի օրը հրապարակված հրամանագրով, Ռոբերտ Քոչարյանը վերակազմավորել է երկրի իրավապահ մարմինների երկու խոշոր ստորաբաժանումները՝ համաձայն ամռանը խորհրդարանի հաստատած համապատասխան օրենքների:

Նախագահի հրամանագրով ՀՀ ազգային անվտանգության նախարարությունը վերակազմավորման ձեւով վերակազմակերպվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության:

Նախկին նախարարությունների ազդեցիկ ղեկավարները՝ Կառլոս Պետրոսյանը եւ Հայկ Հարությունյանը կշարունակեն ղեկավարել իրենց կառույցները, սակայն այլեւս նախարարներ եւ կառավարության անդամներ չեն:

Այս փոփոխությունը, որ բխում է ամռանը Ազգային ժողովի ընդունած «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներից, դիտվում է որպես արդեն նախկին ներքին գործերի նախարարության հիմնավոր վերակազմավորման սկիզբ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների, ներքին զորքերը, ինչպես նաեւ քննչական եւ անձնագրային եւ վիզաների ստորաբաժանումները առանձնացվելու են նորաստեղծ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից: Սպասվում են նաեւ աշխատակազմի կրճատումներ:

Երկրի նախագահն է, մասնավորապես, նշանակելու ներքին զորքերի հրամանատարին եւ ոստիկանապետի տեղակալներին: Ներքին գործերի փոխնախարարներին մինչեւ այժմ նշանակում էր վարչապետը:

Ծրագրված վերակառուցումը, որ իշխանությունների խոսքերով, համահունչ է Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տարբեր մարմիններին, ամռանը արժանացել էր խորհրդարանականների լուրջ քննադատությանը: Պատգամավոր Գագիկ Կոստանդյանը, օրինակ, պնդում էր, որ այդ օրենքները կթուլացնեն իրավապահ համակարգը, ինչի հետեւանքով կավելանան հանցագործությունները, որոնց մակարդակը Հայաստանում ամենացածրն է նախկին Խորհրդային Միության տարածքում:

Ոստիկանական համակարգի վերակառուցումը կապվում էր նաեւ նախագահամետ Հայ հեղափոխական դաշնակցության՝ ԱԺ ներքին գործերի, պաշտպանության եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանին ներքին գործերի նախարարի պաշտոնում տեսնելու ցանկության հետ, ինչին, ինչպես ասվում էր, դեմ էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG