Մատչելիության հղումներ

ԱԺ խոսնակը պաշտպանելու է գործող նախագահի թեկնածությունը


Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը այսօր հայտարարեց, որ գալիք նախագահական ընտրություններում պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Խորհրդարանի խոսնակի տեսակետով, Հայաստանում կան բոլոր նախապայմանները ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար:

«Նախագահական ընտրություններին ես պաշտպանելու եմ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը», - հայտարարեց Արմեն Խաչատրյանը՝ բերելով հիմնավորումների մի ամբողջ շարան, որոնց խտացված իմաստն այն էր, որ երկրի հետագա զարգացման համար Ռոբերտ Քոչարյանը իր փորձով, քաղաքական կամքով կարող է շատ ավելի օգտակար լինել:

«Ռոբերտ Քոչարյանը բավական քաջատեղյակ է երկրի տարվող գործընթացներին, իշխանության անատոմիան հրաշալի պատկերացնում է», - իր փաստարկներն ամփոփեց նա: - «Մենք կարող ենք վստահել նրան որպես երկրի գերագույն հրամանատարի, մենք կարող ենք վստահել նրան որպես Ղարաբաղյան հիմնահարցին քաջատեղյակ մարդու»:

Նախագահական ու խորհրդանարական ընտրություններից հետո Արմեն Խաչատրյանը իրեն տեսնում է խորհրդարանի խոսնակի պաշտոնում: «Ես պատկերացնում եմ ինձ Ազգային ժողովի նախագահ», - ասաց նա՝ համարյա նույնպիսի հիմնավորումներով, որ բերում էր գործող նախագահի օգտին. այս ընթացքում ինքը բավական փորձ է կուտակել, փորձառությունն ու անձնական, քաղաքական կապերը հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ գործունեություն վարել:

ՀԺԿ-ից դուրս եկած Արմեն Խաչատրյանը հիմա անկուսակցական է, եւ բնավ պարտադիր չի համարում, որ ապագա Ազգային ժողովը ղեկավարի խորհրդարանական ընտրություններում ձեւավորվելիք մեծամասնության ներկայացուցիչը: Նրա խոսքերով, շատ երկրներում է խորհրդարանի նախագահը անկուսակցական լինում, որպեսզի «քաղցր աչքերով նայի մնացած կուսակցություններին ու քաղաքական ուժերին»:

Անդրադառնալով նախընտրական մթնոլորտին, խորհրդարանի խոսնակը ասաց. - «Բոլոր նախապայմանները կան, որպեսզի մենք հասնենք այն գիտակցության, որ այս ընտրությունները պետք է լինեն անպայմանորեն ազատ, արդար եւ փափանցիկ: Ինչո՞ւ», - ինքն իրեն հարցրեց նաեւ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր Արմեն Խաչատրյանը: Պատասխանը դասախոսություն հիշեցրեց. այն մարդը, որ ցանկանում է դառնալ երկրի նախագահ, Ազգային ժողովի նախագահ կամ պատգամավոր, պետք է ժողովրդի ռեալ քվեն ունենա, այլապես ինքը թույլ կլինի, լեգիտիմ չի լինի, ինչը «կլինի ի վնաս մեր երկրի»: «Այս է պատճառը, որ ես խնդրում եւ պահանջում եմ եւ ամեն ինչ կանեմ դրա համար, որ մեր ընտրությունները լինեն ազատ ու արդար», - ասաց նա:

Նախագահի 15 թեկնածուների առկայությանն անդրադառնալով, Արմեն Խաչատրյանը ասաց. - «Թեկնածուներից շատերը չեն մտածել. բա որ հանկարծ ընտրվեն, ի՞նչ է լինելու: Էս բեռը ո՞նց են տեսնում իրենց ուսերին»:

Խորհրդարանի խոսնակը, օրինակ, այդ բեռն իր ուսերին չի տեսնում: Գոնե առայժմ: «Ես ունեմ այնքան ներքին կուլտուրա, գիտեմ իմ ունակությունների սահմանը եւ երբեք դրանից ավելիին չեմ հավակնում», - ասաց նա՝ ավելացնելով, այդուհանդերձ. - «Այս տարի, համենայն դեպս»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG