Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր միավորման համակարգող շտաբերը վերահսկելու են ընտրությունների ընթացքը


16 ընդդիմադիր կուսակցությունների միավորման քաղաքական խորհրդի այսօրվա նիստում որոշվել է առայժմ 55 ընտրատարածքներում համակարգող շտաբեր ստեղծել: 16-ի քաղաքական շտաբը, սակայն, նախընտրական միացյալ շտաբի, կարծես թե, չի վերածվում:

Այդուհանդերձ, Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Շավարշ Քոչարյանը ասաց, թե բոլորը սպասում են ընդհանուր շտաբ ստեղծելու մասին որոշմանը: «Բոլոր խնդիրները, որոնք այսօր քննարկվում են, շատ գործնական լուծում կստանան ընդհանուր շտաբի ձեւավորման պարագայում», - ասաց Շավարշ Քոչարյանը:

Կուսակցությունների միմյանց հաջորդող համագումարների պատճառով 16-ի խորհրդի նիստերն ընդհատվել էին: Ընդդիմադիր միավորման մեջ մտնող քաղաքական ուժերի կողմից նախագահի 8 թեկնածու է առաջադրվել:

Օգոստոսի վերջին 16-ի ստորագրած քաղաքական հայտարարության հիմնական կետը՝ նախընտրական դաշինքի վերաճելու եւ նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով եւ ծրագրով մասնակցելու մասին, փաստորեն մնաց թղթի վրա: Բոլորի համար արդեն պարզ է, որ գոնե այս փուլում հիմնական նպատակը չի իրագործվում: Չնայած այդ մասին պաշտոնապես չի հայտարարվում, 16-ի մեջ մտնող կուսակցությունների առաջնորդները դա արձանագրում են:


Ազգային ժողովրդավարների դաշինք (ԱԺԴ) կուսակցության նախագահ, պատգամավոր Արշակ Սադոյանը միասնական թեկնածու առաջադրելու գործում դժվարությունները բացատրում է միավորման կազմի մեջ մտնող կուսակցությունների «տարբեր ուղղվածություններով»:

Ընդդիմության պատկերացմամբ, միասնական թեկնածուն ի հայտ կգա ընտրությունների 2-րդ փուլում, երբ գործող նախագահի դեմ պայքարում իրենց կողմից առաջադրվածներից որեւէ մեկը 2-րդ փուլ դուրս գա:

«Առաջին փուլը կարող ենք համարել համաժողովրդական հարցում՝ միասնական թեկնածուն ժողովրդի կամքով ով պետք է լինի, եւ որից հետո 16-ը՝ բոլորը պարտավորվեն այդ համաժողովրդական հարցմամբ ընտրված միասնական թեկնածուին համատեղ պաշտպանել», - ասաց Սադոյանը:

Իսկ ընտրությունները՝ առաջին փուլով ավարտվելու պարագային անդրադառնալով, Սադոյանը ասաց. - «Եթե ավարտվի գործող նախագահի օգտին, դա կլինի առնվազն 300 հազար ձայների բացահայտ կեղծումով: Դա կլինի զանգվածային կեղծիք, եւ ես կարծում եմ, խնդիրը նույնիսկ չի էլ հասնի երկրորդ փուլին, որովհետեւ, ցավոք սրտի, այդ մակարդակի կեղծիքները կառաջացնեն համաժողովրդական ընդվզումներ»:

16-ի քաղաքական խորհուրդը, մի կողմ դնելով միասնական թեկնածուի խնդիրը, փաստորեն փորձում է իրականացնել օգոստոսյան հայտարության մնացած կետերը: Նրանք պայմանավորվել էին, որ միասնական քաղաքական գործողություններ կիրականացնեն, կհամակարգեն կուսակցական կառույցների կազմակերպական աշխատանքները, տեղեկատվական քաղաքականությունը: Այսօր առաջնային խնդիրներից մեկն է համարվում միացյալ ուժերով ապահովել, որ ընտրություններն ազատ ու արդար անցկացվեն:

Ընդդիմադիր միավորման ներկայացուցիչները վաղը հրավիրվել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ. Այնտեղ նրանք ներկայացնելու են նախընտրական փուլին վերաբերող իրենց տեսակետերը, դիտողությունները, դժգոհությունները:

Այս փուլում արդեն բողոքներ կան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ: Վազգեն Մանուկյանի եւ Արամ Կարապետյանի թեկնածությունը ցանկացել էին առաջադրել մի քանի նախաձեռնող խմբեր, կուսակցություններ: ԿԸՀ-ն դրանցից միայն մեկին է գրանցում՝ պատճառաբանելով, թե հավասարություն է պահպանում: Հակառակ կողմից դա անօրինական են համարում՝ փաստարկելով, թե առաջադրելու նախաձեռնությունը սահմափակող ոչ մի դրույթ օրենքում չկա: Արամ Կարապետյանին սատարող խմբերը դատարանում արդեն պարտվել են: Վաղը ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին առաջադրող խմբերն են դատարան դիմելու.

Այսօր հրավիրած ասուլիսում ԱԺՄ փոխնախագահ Ալեքսանդր Բուտաեւը ասաց. - «Այս ընտրությունները սկսվեցին խախտումներով, կոպիտ խախտումներով: Հետագա խախտումները թե ինչպիսին կլինեն, ինչ ձեւով կլինեն, նույնպես մենք պետք է արձանագրենք»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG