Մատչելիության հղումներ

Ի՞նչ կտա Հայաստանին անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը


Կարելի՞ է ակնկալել, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի անդամակցությունը մոտ ապագայում շոշափելի օգուտներ կբերի մեր երկրին, որո՞նք են անդամակցության դրական եւ բացասական կողմերը, անդամակցության քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական արդյունքներն են որոշիչ գոնե՝ այս փուլում։

Այսօր Ժնեւում Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր խորհրդի լիագումար նիստում վավերացվեց Հայաստանի անդամակցությունը այդ կազկամերպությանը: Համապատասխան փաստաթղթերը ստորագրելու համար Շվեյցարիայի մայրաքաղաքում է Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը:

«ՍԵԴ-ՄԱՐՍԵԴ» խորհրդատվական կենտրոնի գործադիր տնօրեն Տիգրան Ջրբաշյանի կարծիքով, կարելի է սպասել, որ ԱՀԿ-ին անդամակցությունը կամրապնդի Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերը, քանի որ այդ կազմակերպությունում նոր անդամներ ընգրկելու մասին որոշումը ընդունվում է կոնսենսուսով, ապա Հայաստանը որոշակի առավելություն է ստանում:

Տեղին է մեջբերել ԱՀԿ ժնեւյան կենտրոնակայանի պատասխանատուներից մեկի՝ Ջոզեֆ Բոշի հայտարարությունը, որ «Հայաստանը պարտավորվել է խոչընդոտներ չհարուցել ԱՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցում»։

Միեւնույն ժամանակ, ակնկալիքներ կային, որ ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության դեպքում Թուրքիան ավելի զիջող կդառնա մեր երկրի հետ սահմանի վերաբացման հարցում։ Սակայն, կարծես թե, այս ակնկալիքները չեն արդարանում: Երեկ ԱՀԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է. - «Թուրքիան Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում պաշտոնական Երեւանի համար բարենպաստման ռեժիմ չի երաշխավորում ու իրեն իրավունք է վերապահում խստորեն չհետեւել ԱՀԿ պահանջներին»։ Այսինքն՝ թուրքական սահմաններն ու շուկաները վերստին փակ են մնալու հայկական ապրանքների առաջ, միաժամանակ չի խրախուսվելու թուրքական ապրանքների արտահանումը Հայաստան։

Հայաստանը ԱՀԿ անդամ է դարձել ունենալով ամենալիբերալ արտաքին առեւտրային ռեժիմներից մեկը աշխարհում: Փաստորեն Հայաստանի շուկա ապրանքների ներկրման միջին մաքսատուրքը մոտ երկու անգամ փոքր է ԱՀԿ անդամ երկրների միջին մաքսատուրքից։ Եւ սա, Ջրբաշյանի կարծիքով, եթե ոչ հիմա, ապա Թուրքիայի հետ սահմանների վերաբացման դեպքում լուրջ խնդիրներ կարող է ստեղծել Հայաստանի բազմաթիվ արտադրողների համար:

«Իհարկե, փորձում ենք ներկայացնել որպես պրոբլեմ մեզ համար [Թուրքիայի հետ սահմանի փակ լինելը], բայց իրականում, ես կարծում եմ, առաջիկա 3-4 տարիների ընթացքում մեզ ոչ էլ պետք է սահմանները բացել», - ասաց Տիգրան Ջրբաշյանը:

Իսկ ինչպիսի՞ն կարող լինել վիճակը արտահանումների դեպքում։
Բանն այն է, որ Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերներից երկուսը՝ Իրանը եւ Ռուսաստանը ԱՀԿ անդամներ չեն։ Հատկապես Իրանի դեպքում արտահանումների առավելագույն բարենպաստության ռեժիմ ստանալու մասին խոսելն ավելորդ է, թեեւ, ԱՀԿ-ին այդ երկրի անդամակցության ռեալ գործընթացներ սկսելու պարագայում մեր հարեւանը շուկաները բացելու հարցում կարող է շատ ավելի բարեհաճ դառնալ։

Ինչ վերաբերում Ռուսաստանին, ապա այս երկիրը թեեւ ձգտում է հնարավորինս արագ լուծել իր անդամակցության խնդիրը, սակայն, հատկապես մտավոր սեփականության իրավունքների հարաճուն խախտումները այդ երկրում առայժմ դժվար թե հնարավոր դարձնեն նման ցանկությունները։ Մյուս կողմից, ներմուծվող բազմաթիվ ապրանքների վրա սահմանված քվոտաները եւս հավանաբար երկար կխոչընդոտեն ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությունը։

Եթե արտահանման պարագայում սպասվելիք օգուտները կասկածահարույց են, ապա ներմուծման դեպքում կարող են խնդիրներ ծագել, ասենք, գյուղմթերք արտադրողների համար։ Սակայն, առայժմ հողագործները կարող են հանգիստ լինել, քանի որ գյուղատնտեսության արտոնյալ հարկումը շարունակվելու է վեց տարի: Մեր գյուղատնտեսությունը ազատված է ավելացված արժեքի հարկից, ինչի շնորհիվ այստեղ արտադրված մթերքը ավելի էժան է։ Սակայն, որոշ սննդատեսակների, մասնավորապես, ալկոհոլային խմիչքների, հնարավոր է նաեւ՝ ծխախոտի վրա դրված հաստատագրված վճարները կառավարությունը արդեն այժմ ստիպված կլինի բարձրացնել ու հավասարեցնել այդ նույն ապրանքների ներմուծման մաքսատուրքերին:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG