Մատչելիության հղումներ

«Օրինաց Երկիր» կուսակցության ներկայացուցիչը ընտրվում է Նոր Նորքի թաղապետ


Երեկ Երեւանի ամենամեծ համայնքներից մեկում՝ Նոր Նորքում, անցած կիրակի կայացած թաղապետի ընտրություններում հաղթեց «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ մոտ 700 քվե ավելի ստանալով գործող թաղապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության աջակցությունը վայելող Մկրտիչ Մինասյանից:

Նոր Նորքի համայնքը ունի 90 հազար 819 ընտրող: Ինչպես «Ազատություն» ռադիոակայանին տեղեկացրեց ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Ալբերտ Քիշոյանը, ըստ նախնական տվյալների, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 36,7 տոկոսը: Գործող թաղապետի օգտին քվեարկել են 15 041 մարդ, իսկ նրա մրցակցի օգտին քվերակել է 15 հազար 754 մարդ: Մոտ երկու հազար քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Բավական բուռն ընտրապայքարին հաջորդած քվեարկությունը անցել է առանց միջադեպերի: «Բողոքներ ինչպես երեկ, այնպես էլ այսօր չեն հնչել», - ասաց Քիշոյանը՝ ավելացնելով, որ չեն եղել անգամ բանավոր բողոքներ:

Վերջին սոցիոլոգիական հարցումների արդյունքները վերլուծելիս, Հայկական սոցիոլոգիական ընկերակցության ղեկավար Գեւորգ Պողոսյանը նշել էր, որ ընտրողները ավելի մեծ ակտիվությամբ մասնակցում են տեղական մարմինների ընտրություններին, քանի որ իրենց կենցաղային խնդիրների լուծումն ավելի շատ կապում են այդ ընտրյալների հետ: Մասնավորապես, Նորքի բնակելի զանգվածներում ընտրողները ակնկալում են, որ նոր թաղապետը պետք է լուծի տարիներ շարունակ կուտակված ջեռուցման պարտքերի խնդիրը եւ թաղամասը նորից ապահովի ջեռուցմամբ:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG