Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մեր քաղաքական գործիչներից, կուսակցություններից քանի՞սն են վերջին տարիների ընթացքում օժանդակել պետությանը եւ ժողովրդին՝ հաղթահարելու դժվարությունները: Եղե՞լ են տնտեսական խոշոր ծրագրերի առաջարկներ: Ազգային գաղափարախոսությունը սնող, ժողովրդին աշխատանքի ոգեկոչող հոդվածներ, գրքեր հրատարակվե՞լ են: Ժողովրդին տոգորե՞լ են վաղվա օրվա հանդեպ հավատով, թե՞ ավելի են խորացրել անկումային տրամադրությունները»: Հռետորական հարցերի այս ֆոնի վրա «Հայաստանի Հանրապետություն» թերթում այսօր կրկին տարակուսանք է ընդգծվում նախագահի թեկնածուների այս բազմաթիվությունից եւ որպես նախադրույթ շեշտված է. - «Նախ պետք է վաստակել ժողովրդի սերը անբասիր նկարագրով ու գործով ու նոր միայն հայցել նախագահության վստահության քվեն»: Հերթական թեկնածուն առաջադրած «Հանրապետություն» կուսակցության երեկվա համագումարն էլ «Հայաստանի Հանրապետություն» թերթում ներկայացված է ձանձրույթի ու անպտղության շրջանակով: «Պարզ է դառնում, որ «Հանրապետություն»-ը ՀԺԿ-ի հետ համատեղ պաշտպանելու է Ստեփան Դեմիրճյանին, ուրեմն ինչո՞ւ միանգամից չհայտարարել Դեմիրճյանին պաշտպանելու մասին: Մի փոքր մտածելուց հետո կարելի է գտնել պատասխանը», - իր մտքի ընթացքին է հասու պահում մեկնաբանը: - «Վերջին պահին թեկնածությունը հանելով, Արամ Սարգսյանը կկրկնապատկի Ստեփան Դեմիրճյանի անվճար եթերաժամը»:

Իր հերթին, հորանջային տոնայնությամբ մատուցելով այս հավաքը, «Հայոց Աշխարհ» թերթը վերջում ավելացրել է. - «Ծրագրված էր հենց համագումարում հայտարարել նոր նախընտրական դաշինք ստեղծելու մասին, ուր ընդգրկվելու էին «Հանրապետություն»-ը, ՀԺԿ-ն, Մովսես Շահվերդյանի Սոցիալիստական կուսակցությունը, Արամ Սարգսյանի Դեմոկրատական կուսակցությունը, Շավարշ Քոչարյանի Ազգային ժողովրդավարական կուսակցությունը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն «Հանրապետություն»-ը առայժմ ձեռնպահ մնաց խաղաքարտերը մինչեւ վերջ բացելուց»:

«Հանրապետություն» կուսակցության հանդեպ որոշ վերապահության տարրեր կան եւ ընդդիմադիր մամուլում: «Հայկական ժամանակ»-ում, օրինակ, ձեւակերպված է այսպես. - «Չնայած այս կուսակցությունը հիմնականում կազմված է այն անձանցից, ովքեր մեծապես նպաստել են 1998-ին Ռոբերտ Քոչարյանի անօրինական իշխանազավթմանը, երեկ կուսակցության արտահերթ 2-րդ համագումարում հնչած բոլոր ելույթների միակ թիրախը Ռոբերտ Քոչարյանն էր»:

Արամ Սարգսյանի եւ Ալբերտ Բազեյանի կուսակցության նկատմամբ թերեւս ամենաբարյացակամը Րաֆֆի Հովհաննիսյանի կենտրոնի «Օրրան» թերթն է, ուր ընդգծված է. - «Հանրապետություն» կուսակցությունը եղավ ու մնաց Վազգենի սիրած՝ «վճռական մենակ» տեսակը... ընդդիմադիր դաշտում իր սկզբունքայնությամբ, խաղեր չտալու շիտակությամբ, «ուղիղ նայեց» վարչակազմի եւ այն ներկայացնողի աչքերի մեջ ու ճշմարտությունն ասաց»:

«Հայկական ժամանակ»-ի հատուկ գնահատականին է արժանացել այն, որ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը «Հանրապետություն» կուսակցության համագումարին ներկայացել էր տիկնոջ ուղեկցությամբ: «Այս համարձակ ու ողջունելի քայլը, սակայն», - կցում է «Հայկական ժամանակ»-ը, - «ամենեւին չի փոխում նրա եւ 2003 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների հարաբերությունների կերպը: Հովհաննիսյանը, միեւնույն է, Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու լինելու իրավունք չունի, քանի որ վերջին տասը տարում հանրապետության քաղաքացի չի հանդիսացել»:

«Ոչ միայն ՀՀՇ-ի ճամբարում, այլեւ 16-ի միավորման ներսում եւս լուրջ հիասթափություն կա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվելու որոշում է կայացրել», - փաստագրում է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը, որը զրուցել է պատգամավոր Մանուկ Գասպարյանի հետ: Ինչպես փոխանցվում է, վերջինս, ժամանակին Տեր-Պետրոսյանի ամենաերդվյալ հակառակորդներից լինելով հանդերձ, հիմա խիստ զայրացած ու հուսախաբ է, որովհետեւ վստահ է՝ առաջին նախագահի առաջադրվելու դեպքում Քոչարյանի երկրորդ փուլ անցնելը կբացառվեր:

Նորից անդրադառնալով Սերժ Սարգսյանի քայլին, «Առավոտ»-ի խմբագրականն այսօր ընդգծում է. - «Դեմոկրատական երկրներում նման դեպքերում գնում են ոչ թե արձակուրդ, այլ հրաժարական են տալիս, զբաղվում են քաղաքականությամբ եւ եթե իրենց թեկնածուն նախագահ է դառնում, այդ դեպքում նորից նշանակվում են պաշտպանության նախարար։ Եվ Սերժ Սարգսյանի պես չեն սպառնում ստորադասներին ավելի խիստ պատիժներով, եթե իր «արձակուրդի» ժամանակ բանակում ինչ-որ բան կատարվի: Սրանով հասկացնելով, թե իր հարկադիր «արձակուրդն» ընդամենը հարգանքի տուրք է ժողովրդավարական ավանդույթներին։ Իսկ իրականում նա շարունակում է մնալ պաշտպանության նախարար՝ հընթացս կատարելով նաեւ Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավարի պարտականությունները»։ «Առավոտ»-ին առավել զարմացնում է, որ այս փաստը Քոչարյանի մրցակիցներին առանձնապես չի անհանգստացրել. - «Նախագահի մյուս թեկնածուներն էլ իրենց նեղություն չեն տալիս՝ պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ նախընտրական շտաբի ղեկավար դառնալու կապակցությամբ»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG