Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը պաշտպանելու է Քոչարյանի թեկնածությունը


Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ)՝ անցած ուրբաթ սկսված եւ կիրակի ուշ երեկոյան ավարտված Գերագույն ժողովը որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:

Ըստ Գերագույն Ժողովի՝ այսօր հրապարակված հայտարարության, գրեթե միաձայն ընդունված որոշման հիմքերից մեկը, ինչպես հրավիրած ասուլիսում ներկայացրին Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, Դաշնակցության եւ գործող նախագահի տեսակետներում ընդհանուր եզրերի առկայությունն է:

Գերագույն մարմնի վերընտիր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի մասնավորեցմամբ, Արցախի հացրում, օրինակ, «երբեք այս իշխանությունները չեն կատարել քայլ, որը հակասի ՀՅԴ ունեցած պատկերացումներին այս փուլում»: Հայ դատի հարցում, Ռուստամյանի խոսքերով, «պետական մակարդակով հետապնդվում են ցեղասպանության խնդիրները»:

Եվ եթե այս ու սկզբունքային այլ հարցերից որեւէ իշխանություն շեղվի, ապա Ռուստամյանի փոխանցմամբ, Դաշնակցությունը արմատական ընդդիմություն կդառնա, չնայած ներկայումս այդպիսի վտանգ չեն տեսնում:

Գերագույն Մարմնի վերընտիր անդամ, Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը ընտրարշավը կիրթ մեթոդներով, էթիկայի կանոնների շրջանակներում անցկացնելու կոչ արեց՝ զգուշացնելով. - «Բայց եթե կլինեն գործիչներ եւ ուժեր, որոնք այլ մեթոդների կոմնակից են, ես ձեզ երաշխավորում եմ, որ Դաշնակցության կողմից նման դրսեւորումները համարժեք, եւ մի քիչ ավելին՝ արժանի պատասխան կստանան»:

Դաշնակցականները ազատ, արդար, գաղափարական, քաղաքակիրթ ընտրապայքարն են խիստ կարեւոր հայտարարում: Եթե նման ընտրություններով ժողովուրդն այլ թեկնածուի կընտրի, «մենք միայն կողջունենք այդպիսի պայքարում հաղթանակած թեկնածուին», - ասաց Ռուստամյանը՝ ավելացնելով. - «Բայց մենք պաշտպանելու ենք Ռոբերտ Քոչարյանին»:

Հետագա պորտֆելների ակնկալիքների շուրջ ասուլիսի բանախոսները ասացին՝ մենք առեւտուր չենք անում:

Այսինքն, 1998-֊ին որդեգրած ուղեգիծը (թերեւս, Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը վերստին պաշտպանելու եւ քաղաքական հենարանը լինելու մասին է նաեւ խոսքը) գտնում են, որ ճիշտ է ընտրված: Այլ բան է, որ, ինչպես ասաց Ռուստամյանը, «շարժումը այդ ուղղությամբ իսկապես անբավարար է»:

Գերագույն Ժողովը, ամեն դեպքում, ի մի է եկել, որ իր վեկտորը ճիշտ ուղղության վրա է, եւ պետք է այն անշրջելի դարձնել: «Հակառակ դեպքում», - նշված է հայտարարության մեջ, - «երկիրն ու ժողովուրդը ենթարկվելու են վտանգավոր փորձությունների կամ հետընթաց է կատարվելու նախկին վիճակին»:

Թե ովքեր են դեմ կամ ձեռնպահ քվեարկել գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելու՝ գրեթե միաձայն որոշմանը, ոչ մի կերպ չբացահատվեց: Ասվեց միայն, որ Գերագույն մարմնի որոշումն արդեն հինգ-֊վեց հազար անդամների համար պարտադիր է ու կատարման ենթակա: Աղվան Վարդանյանի վկայությամբ, ովքեր դեմ կամ ձեռնպահ էին, ոչ թե ուրիշ թեկնածուի, այլ սոցիալական իրավիճակի հետ կապված խնդիրներն էին ավելի սուր դնում:

Դաշնակցության սփյուռքի կազմակերպությունից էլ, տեսակետի իրավունքով, մասնակիցներ եղել են: Հաջողվեց պարզել, որ Դաշնակցության բյուրոյից ներկա են եղել Հրանտ Մարգարյանն ու Վահան Հովհաննիսյանը միայն: Սփյուռքի կառույցները, Արմեն Ռուստամյանի հավաստմամբ, ժամանակին տեղեկացված են եղել քննարկվելիք հարցերին, իրենց տեսակետները հայտնել են, եւ դրանց «ճնշող մեծամասնությունը իսկապես համընկնում է այն հայտարարության հետ, որը մենք այսօր արեցին»:

Աղվան Վարդանյանը ավելացրեց, որ հաշվի առնում են ընկերների տեսակետը սփյուռքից, բայց Հայաստանին վերաբերող որոշումներն ընդունում է Հայաստանի Գերագույն մարմինը:

Վաղը Դաշնակցության ներկայացուցիչները եւս կմասնակցեն Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունն առաջադրող քաղաքացիական նախաձեռնության հավաքին:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե Քոչարյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Աղվան Վարդանյանն ասաց, որ եթե այդպես լինի, վստահ է, որ «նա դա կանի՝ կա'մ այդ ժամանակի համար թողնելով իր լիազորությունները, այսինքն՝ դուրս գալով նախարարի պաշտոնից, կա'մ արձակուրդ կվերցնի»:

Դաշնակցությունն արդեն երրորդ կազմակերպությունն է, որի ղեկավար մարմինը որոշեց պաշտպանել գործող նախագահի թեկնածությունը՝ ՀԺԱՄ կուսակցությունից եւ «Հաղթանակ» հասարակական կազմակերպությունից հետո:

ՀՅԴ-ն 1991֊-ի նախագահական ընտրություններում առաջադրել էր իր թեկնածուին՝ Սոս Սարգսյանին: 1996-֊ին աջակցում էր ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին, իսկ 1998-֊ին եւ 2003-֊ին՝ Ռոբերտ Քոչարյանին:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG