Մատչելիության հղումներ

Քոչարյանն ու Ալիեւը բացառում են Ղարաբաղյան հարցի կարգավորումը մինչեւ ընտրությունների ավարտը


Պրահայի Կոնգրեսների պալատում այսօր տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, որից հետո նախագահները հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արմատական լուծումներ չեն լինի՝ մինչեւ երկու երկներում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների ավարտը:

Մոտ մեկ ժամ տեւած բանակցություններից հետո Հեյդար Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահների հետ:

Հայաստանի նախագահը լրագրողներին ասաց, որ Ալիեւի հետ հանդիպումը «արդյունավետ էր»: Ադրբեջանի նախագահը իր հերթին ասաց, թե «հանդիպելն ավելի լավ է, քան չհանդիպելը»:

Այսպիսով, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում էական փոփոխություններ չեն լինի մինչեւ հաջորդ տարեվերջ, քանի որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները ծրագրված են 2003-ի աշնանը:

Պրահայում է նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Վերջերս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Կիպրոսի հարցի լուծման համար առաջարկել է «ընդհանուր պետության» գաղափարը, որը ժամանակին քննարկվել է նաեւ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակ: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Վարդան Օսկանյանը ասաց, որ այդ առաջարկը պարունակում է, անշուշտ, դրական կողմեր, որ կարող են օգտագործվել այլ հակամարտությունների կարգավորման համար, սակայն չի կարելի զուգահեռներ անցկացնել Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների միջեւ, քանի որ դրանք տարբեր պատճառներից ծագած հակամարտություններ են եւ իրադրույթունն է միանգամայն տարբեր:

Հարցին, թե արդեն երկար ժամանակ ընթացող բանակցություններում արդյո՞ք փոխվում է Ադրբեջանի դիրքորոշումը, Հայաստանի արտգործնախարարն պատասխանեց, թե դժվար է միանշանակ պատասխան տալ. նախագահները պարզապես քննարկում են ամենատարբեր առաջարկներ եւ փորձում միասնական լուծում գտնել:

Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը Չեխիայի մայրաքաղաք են ժամանել մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Վաղը ծրագրված է Հայաստանի նախագահի հանդիպումը Վրաստանի նախագահ Չեւարդնաձեի եւ Ֆրանսիայի նախագահ Շիրակի հետ: Ռոբերտ Քոչարյանը վաղը կայցելի նաեւ «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնական գրասենյակ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG