Արմինե եղամյան, Երեւան
Մոտ երկու ամիս «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվում է կինոգետների շրջանում մեծ արձագանք գտած «Արարատ» ֆիլմը: «Ես կարծում, որ բոլորի ակնկալիքները ֆիլմից հսկայական են: Ես փորձեցի այն հնարավորինս անձնական դարձնել: Պետք էր ձեւ գտնել՝ շարադրելու մի պատմություն, որը կարեւոր է ինձ համար եւ հասկանալի՝ այլ մարդկանց համար: Այս ֆիլմը ոչ այնքան ցեղասպանության մասին է, այլ այն մասին, թե ինչպես է ցեղասպանությունը շարունակում ազդել մեզ վրա, եւ, թե ինչպես է այդ հոգեբանական ցնցումը փոխանցվում սերնդից սերունդ»:
Որ հանդիսատեսի ընկալումն է ավելի կարեւորում Ատոմ Էգոյանը հայերի՞ թե՝ օտարների: Այս հարցին ռեժիսորը պատասխանեց, որ ֆիլմը նկարելիս նա չի մտածել այն հայերի համար է թե՞ ոչ հայերի:
«Այն ստեղծվում էր ինձ համար: Ես այն մարդն եմ, որ երկու կողմերն էլ ներկայացնում եմ. հայ եմ՝ դրսում ապրող:Եւ եթե ֆիլմն ինձ բավարարում է, ուրմեն այն մատչելի կլինի նաեւ մյուսների համար»:
Շատ կարեւոր է, որ այս ֆիլմը դիտեն հայ երիտասարդները, կարծում է Ատոմ Էգոյանը, քանի որ նրանք են տեր կանգնելու իրենց նախնիների թողած ժառանգությանը: Ընդհանրապես, Ատոմ Էգոյանի խոսքերով, - «Մենք մեծ հանրավորություն ունենք տեր կանգնելու մեր ներուժին, որը հիմնված է մեր վերապրած փորձությունների վրա: Քանի դեռ մեր էներգիան ծախսում ենք այլ ժողովրդներից օգնություն հայցելու վրա՝ մենք թույլ դիրքերի վրա ենք, - աաց նա, - չէ որ միշտ էլ եղել ենք դրսի քաղաքականության եւ մեր վերահսկողությունից դուրս ուժերի զոհը: Պատմականորեն դա է մեր ամենամեծ խոցելիությունը, եւ մենք պետք է ի վիճակի լինենք ինքներս անել այն, ինչ մեզ անհրաժեշտ է: Դրա համար մենք ուժ եւ հնարավորություն ունենք»:
Արսինե Խանջյանի կարծիքով էլ, «Կարեւորը մեզ համար այս պահին հավասարակշռություն գտնելն է»: Նրա համոզմամբ, մեր պատմությունը պետք է սովորենք եւ չանտեսենք այն ինչ պատճառներ էլ լինեն՝ քաղաքական տնտեսական կամ այլ հարթության վրա: Մենք պետք է մեր կապերը պահենք աշխարհի հետ՝ չկորցնելով այն, ինչը պատկանում է մեզ:
«Պարադիզ» ընկերության Լոս Անջելեսի մասնաճյուղի տնօրեն Արմեն Մկրտչյանը «Առավոտի» հարցազրույցում փաստում է, որ կինոգետների շրջանում բուռն արձագանք է եղել՝ «Արարատի» վերաբերյալ կարծիքները տարաբնույթ են եւ, որ ամենակարեւորն է՝ դրանց մեջ չի եղել միջին գնահատական։ Ըստ նրա, Կաննի կինոփառատոնում ֆիլմի պրեմիերան անցել է փառահեղ, լեփ լեցուն դահլիճով, հանդիսատեսի հոտնկայս ծափահարությունները շարունակվել են 10-15 րոպե, իսկ ֆիլմի մասին մամուլում եղած հոդվածները տպագրվել են Արարատի խորհրդանշանով։
Ըստ Մկրտչյանի, «Արարատի» հաջողության գրավականներից մեկն էլ ֆիլմի ճիշտ կառուցումն է. այն նոր ժամանակների ֆիլմ է, ուր 1915թ. ողբերգությունը բավականին գրագետ է «մատուցվում»։