Մատչելիության հղումներ

Նախկին նախագահի մերձավորները ասում են, թե Տեր-Պետրոսյանը առաջադրելու է իր թեկնածությունը





Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատից մի աղբյուր, որը չցանկացավ հրապարակել իր անունը, «Ազատություն» ռադիոկայանին ավելի քան հստակորեն ասել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջադրվելու է առաջիկա նախագահական ընտրություններում:

Թեպետ ընտրություններում առաջին նախագահի մասնակցությանը վերաբերող լուրերը պաշտոնապես ոչ հաստատվել, ոչ էլ հերքվել են, նախկին իշխանական կուսակցությունում նրա առաջադրվելու հնարավորությունն իսկ արդեն ոգեւորություն է առաջացրել: ՀՀՇ-ի գործիչներից մեկը՝ Երջանիկ Աբգարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, ասաց. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը կդնի իր թեկնածությունը»:

Երջանիկ Աբգարյանը հերքեց մամուլի տեղեկատվությունը, թե մի խումբ ՀՀՇ-ական գործիչներ, այդ թվում նաեւ ինքը, անցնող շաբաթվա սկզբին հանդիպել են Լեւոն Տեր-Պետրոսյանին ու քննարկել վերջինիս առաջադրվելու հարցը: Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը, մինչդեռ, հաստատեց այդ տեղեկատվությունը: «Իրոք, այդպիսի հանդիպում եղել է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ միշտ էլ իր քաղաքական շրջապատը հավաքվել է. դրանք մշտական հանդիպումներ են, շարունակական»:

Իսկ վերջին հանդիպման ընթացքում էլ, ըստ Սահակյանի, խոսվել է այն մասին, թե «ներկա իշխանությանը իբրեւ բանական այլընտրանք, հասարակությունը ավելի ու ավելի շատ է տեսնում Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

«Սա նշանակում է, որ ինքը պարտավոր է այս երեւույթները ճիշտ գնահատել եւ արձագանքել ադեկվատ կերպով», - ավելացրեց Արա Սահակյանը:

Թեեւ հանդիպման մանրամասներից շատ քիչ բան է հայտնի, ՀՀՇ վարչությունում, կարծես թե, արդեն նախնական որոշում է ուրվագծվում, թե Տեր-Պետրոսյանի առաջադրումը պետք է իրագործել 10 նախաձեռնող խմբերի միջոցով: Այսինքն՝ ՀՀՇ-ում կարծում են, թե հնարավոր կլինի հօգուտ առաջին նախագահի առաջադրման հավաքել 400 հազար ստորագրություն, որովհետեւ պաշտոնապես որեւէ թեկնածուի գրանման համար նախաձեռնող խումբը առնավզն 40 հազար ստորագրություն պիտի հավաքի:

Այս ամենով հանդերձ, նախկին նախագահի մերձավոր շրջապատը նաեւ չի բացառում, որ Տեր-Պետրոսյանը կարող է եւ չառաջադրվել, քանի որ հրապարակավ չի հայտարարել իր մտադրությունների մասին: Ենթադրվում է, որ նա առաջադրվելու իր ցանկության մասին, եթե այդպիսին վերջնականապես ձեւավորվի, կհայտարարի ՀՀՇ համագումարում, որը, չնայած նախապես պլանավորված էր անցկացնել նոյեմբերի 15-16-ին, անորոշ ժամանակով հետաձգվելու է:

ՀՀՇ պատասխանատուներն ասում են, թե հետաձգումը տեխնիկական խնդիրներով է պայմանավորված: Որոշ դիտորդներ կարծում են, սակայն, թե պարզապես սպասումների ու որոշակի ճշգրտումների գործընթացում է ՀՀՇ-ն, եւ այս շրջանակում ամենեւին էլ պատահական չեն համարում անցյալ շաբաթ օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» հոդվածի վերահրատարակումը «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերում: Տեսակետ կա, թե դա առավելապես արտաքին աշխարհին ուղղված հիշեցում է:

Բոլոր դեպքերում, ՀՀՇ-ում հստակ որոշում է կայացված՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու դեպքում անգամ ունենալ սեփական թեկնածու: Առայժմ ասպարեզում շրջանառում է 4 անուն՝ Բաբկեն Արարքցյան, Ալեքսանդր Արզումանյան, Դավիթ Շահնազարյան եւ Վանո Սիրադեղյան: Այստեղ էլ, սակայն, խոսակցությունները նույնքան ենթադրական են, որքան Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելու հեռանկարները:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG