Մատչելիության հղումներ

Դեմկուսի նախագահի թեկնածությունն առաջադրվելու է նախագահական ընտրություններում


Այսօր հերթական 5-րդ համագումարն անցկացրեց Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, որը 2003 նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրեց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին:

Ընդդիմադիր միավորման 16 ուժերից 7-ի կազմած «Սոցիալիստական Հայաստան» միավորումը, ինչպես հայտնի է, ճիշտ է ոչ պաշտոնապես, այդուհանդերձ, արդեն բարձրաձայնել է մեկ թեկնածուի անուն. դա «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության անդամ Գառնիկ Մարգարյանն է:

Ձախակենտրոն կողմնորոշման նույն միավորման անդամ Գիտաարդյունաբերողների քաղաքացիական միավորման ղեկավար Ալեքսանդր Աղամալյանը «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեց, որ 7 ուժերից 2 թեկնածուն նորմալ է. մնում է միայն կողմնորոշման խնդիրը, որը կպարզվի բանակցությունների միջոցով: «Պայմանավորվածությունների խախտում չկա», - ասաց Աղամալյանը, ավելացնելով, թե պառակտում էլ չկա. ինչպես «16»-ի ներսում, «Սոցիալիստական Հայաստան»-ն էլ իր ներսում կարող է հանդես գալ միասնական կամ առանձին թեկնածուներով: Աղամալյանը կանխատեսեց, թե «Սոցիալիստական Հայաստան»-ից այլ թեկնածուների չեն լինի:

Չնայած Աղամալյանի պնդմանը, թե պառակտում չկա, պառակտումը, սակայն, ակնհայտ է: Դեմկուսի համագումարը վերահաստատեց մինչ այդ կուսակցության կայացրած որոշումը կուսակցության անդամակցությունը «Սոցիալիստական Հայաստան» միավորմանը սառեցնելու մասին:

Համագումարին ներկա էին նաեւ «16»-ի անդամ մյուս քաղաքական ուժերի ղեկավարները՝ ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

«Հիմա այսպես ասած պարադոքսալ վիճակ է ստեղծվել», - իր ելույթում ասաց Վազգեն Մանուկյանը: - «16 կուսակցություններում բոլորը իրենց թեկնածությունը դնում են եւ բոլորս իրար ողջունում ենք եւ բոլորս խոսում ենք միասնության մասին: Առաջին հայացքից դրա մեջ մի տարօրինակություն կա, բայց ես կարծում եմ, որ ընթացքը ճիշտ է վերցված, այն հարցերը, որոնք բոլորիս հուզում են միասնական են, եւ ուշ թե շուտ այդ միասնությունը տեղի կունենա»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG