Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հավաստի աղբյուրների վրա հղումով «Հայոց Աշխարհ» թերթը տեղեկացնում է, թե երեքշաբթի ՀՀՇ վարչությունը որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: ՀՀՇ վարչությունում, սակայն, «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին հրաժարվել են որեւէ բան ասել այս առումով: Այսուհանդերձ, նույն թերթում այսօր նաեւ վերլուծության փորձ կա, թե ինչը հիմա կարող է ստիպել նախկին նախագահին մտնել նախընտրական մսաղացի մեջ: «Իրաքյան ռազմարշավի ժամկետների մոտենալուն զուգընթաց Միացյալ Նահանգների կողմից ձեռնարկվում են տենդագին փորձեր՝ բավարարելու համար Ղարաբաղյան հիմնահարցը լուծելու եւ դեպի Ադրբեջան տանող ճանապարհները բացելու Թուրքիայի համառ պահանջները: Այդ պատճառով»,- ենթադրում է մեկնաբանը, - «կարգավորման բանակցային գործընթացը կրկին աշխուժանում է: Տեր-Պետրոսյանն էլ հասկանում է, որ մինչեւ 2003-ի փետրվարը իրավիճակը կարող է հիմնովին փոխվել, ուստի չի կարելի կորցնել «խաղաղության կուսակցության» առաջնորդի իր խաղաքարտերը»: Ընդհանրապես, ըստ մեկնաբանի, 2003-ի փետրվարը, փաստորեն, ՀՀՇ-ի վերջին հնարավորությունն է ներազդելու ընտրողների գիտակցության վրա, քանի դեռ «ներկա դրական միտումները չեն հասել արմատական բեկման հանգրվանին»: «Հայոց Աշխարհ»-ում առաջ է մղված եւ թեզը, որ «շրջապատը ուղղակի ստիպում է նախկին նախագահին առաջադրել իր թեկնածությունը, որպեսզի չզրկվի, մասնավորապես, Վաչե Մանուկյանի խոստացած մոտ 100 մլն ընտրարշավային գումարի մեծ մասը յուրացնելու հնարավորությունից:

«Օրրան» թերթի փոխանցմամբ, ՀՀՇ վարչության նշված նիստում իրականում որեւէ հստակեցում չի եղել Տեր-Պետրոսյանի առաջադրման առնչությամբ: Վերջինս ասել է, որ համենայն դեպս մինչեւ ամսի 19-ը որոշման մասին ՀՀՇ-ում տեղյակ կլինեն, ուստի առաջիկա շաբաթվա ընթացքում եւս մեկ վարչության նիստ կհրավիրվի, ուր կորոշվի համագումարի անցկացման ճշգրիտ օրը: «Մենք մեզ մինչեւ հունվար ժամանակ տվեցինք», - «Օրրան»-ի թղթակցին ասել է ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը՝ ավելացնելով. - «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշի առաջիկա ընտրություններին չմասնակցել, ապա, միեւնույն է, մենք սեփական թեկնածուով ենք գնալու նախագահական ընտրությունների»: ՀՀՇ փոխնախագահը բացառում է, որ իրենք պաշտպանեն այլ ընդդիմադիրների թեկնածուի՝ նշելով. - «Այսօրվա ընդդիմությունը նոր գաղափար, նոր բարեփոխումներ տնտեսության մեջ, Ղարաբաղի հարցում չի առաջարկում, ավելին՝ «16»-ի մեջ ներառվածներից շատերը, իր ժամանակին եւ չի բացառվում նաեւ հիմա, պաշտպանել են Քոչարյանին»:

«Միեւնույն է, նախագահ ընտրվելու է Արտաշես Գեղամյանը», - «Հայկական ժամանակ» թերթում պնդում է վերջինիս կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը, ըստ որի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ չի լինելու, իսկ եթե անգամ լինի, ապա երկրորդ փուլ են անցնելու Գեղամյանն ու ընդդիմադիր դաշտի որեւէ թեկնածու։ «Քոչարյանն իր 4-5 տոկոս իրական վարկանիշով երկրորդ փուլ անցնելու որեւէ շանս չունի», - հավաստիացնում է Կարապետյանը։

Արդեն քանի օր է, ինչ ճնշվածների ու աղքատների հավիտյան պաշտպան Արշակ Սադոյանին մեղադրում են, որ «Օջախ» ռեստորանում մի քանի հազար դոլար արժողությամբ հարսանիք է արել, որի հաշիվները՝ ի թիվս այլ հարուստ պատգամավորների, փակել է նաեւ «Քիմռեակտիվ» գործարանի տնօրեն, նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վլադիմիր Բադալյանը։ Իսկ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը նորապսակներին հողակտոր է խոստացել՝ նոր տուն կառուցելու համար։ «Մի՞թե սա Արշակ Սադոյանին երկակի խաղ խաղալու մեջ մեղադրելու հիմնավոր պատճառ է», - անդրադառնում է այսօր «Առավոտ» թերթը։ - «Դե՛, մարդը հարսանիք անելու փող չուներ։ Հո չէ՞ր կախվելու։ Նա հիմա էլ է պայքարում հանուն ժողովրդի ու նրա շահերի։ Բայց մեր ժողովուրդն աղքատ է եւ չի կարող Սադոյանի տղայի հարսանիքի համար փող հավաքել։ Ահա եւ նա ստիպված է եղել հարուստներից խնդրել»։ «Ինչ խոսք, լավ կլիներ, եթե Արշակ Սադոյանը հպարտորեն մերժեր իր իշխանամետ գործընկերների օգնությունը։ Առավել լավ կլիներ, եթե նա հենց հարսանեկան սեղանին Ռոբերտ Նազարյանին հարցներ, թե ի՞նչ իրավունքով է նա նորապսակներին նվիրում պետական սեփականությունը՝ երեւանյան հողակտորը։ Եվ ընդհանրապես, օգտագործելով հենց սադոյանական բառապաշարը՝ ինչո՞ւ է ժողովրդի արյունը, մեղմ ասած, խմում: Բայց դե հայ ենք», - ամփոփել է «Առավոտ»-ը:

Պաշտոնյա-պատգամավորների աշխատավարձ-թոշակների նախատեսվող բարձրացումը, ինչպես հաշվարկվում է «Գոլոս Արմենիի» թերթում, ոչ միայն անարդար է, այլեւ որպես մեծ բեռ ծանրանալու է մեր սերունդների ուսերին, այնպես որ՝ շատ ուշադիր պետք է հետեւենք այդ գործընթացին: Եվ ընհանրապես, մեկնաբանի հայացքով, «պետք է սկզբունքորեն հրաժարվել որոշակի թվերով աշխատավարձ սահմանելուց, անցնել դրանք նվազագույն աշխատավարձի համեմատ կարգավորելուն: «Այդ դեպքում մեր պաշտոնյաների ու պատգամավորների աշխատավարձը կավելանա միայն նվազագույն աշխատավարձի աճի դեպքում: Ինչն էլ հենց, ի դեպ, նրանց գործունեության իմաստն է»:

«Հայկական ժամանակ» թերթում մեծ հարցականի տակ է առնված, թե կառավարությունը կկարողանա ապահովել եկող տարվա պետբյուջեի՝ նախատեսած մուտքերը. - «Անցած տարվա համեմատ, փաստորեն նախատեսվում է հավաքագրել մոտ 22 մլրդ-ով ավելի հարկ: Թե ինչի վրա է հույս դրել կառավարությունը, հայտնի չէ: Կառավարությունն առայժմ տալիս է մի հիմնավորում՝ մուտքերի ավելացումը կապահովվի հարկային վարչարարության բարելավման եւ հարկային օրենսդրության փոփոխության արդյունքում: Սա այլ կերպ, քան բարի ցանկություն, դժվար է բնորոշել: Եթե հաշվի առնենք գոնե այն հանգամանքը, որ 2003-ին սպասվում են միանգամից նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները այս պահին բոլորովին անկանխատեսելի են, ապա հարկային մուտքերի այդչափ մեծացման ծրագրերը ընդամենը «հոտառության» բացակայության դրսեւորում կարելի է համարել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG