Մատչելիության հղումներ

Կշարունակվի աղետի գոտում բնակարանային պայմանների բարելավման ծրագիրը


Միացյալ Նահանգների եւ Հայաստանի կառավարությունների միջեւ այսօր ստորագրված համաձայնագրով, ամերիկյան «Ուրբան» իստիտուտը շարունակելու է աղետյալների բնակարանային պայմանների բարելավման ծրագիրը:

Այս ծրագրի առաջին փուլում բնակարանի վկայագրեր են ստացել Գյումրիի, Ախուրյանի, Սպիտակի, Ստեփանավանի, Գուգարքի՝ աղետից տուժած մոտ 2400 ընտանիք: Մինչեւ առաջին փուլի ավարտը այդ ընտանիքների թիվը կհասնի 3000 հազարի: Եւս 3000 վկայագիր կհանձնվի երկրորդ փուլի ընթացքում, եւ, ըստ քաղաքաշինության նախարարության տվյալների, երկրաշարժի հետեւանքով օթեւան կորցրած բոլոր բնակիչները վերջապես կրկին կունենան իրենց բնակարանները:

«2001 թվականի մայիսին ստորագրված պայմանագրի արդյունքը այսօր ակնհայտ է, եւ 2750 ընտանիքներ աղետի գոտում ստացել են բնակարանային սերտիֆիկատներ», -ասաց համաձայնագիրը հայկական կողմից ստորագրած քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը՝ ավելացնելով, թե վկայագիր ստացած բնակիչների ուղիղ կեսն արդեն ձեռք է բերել բնակարաններ:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Օրդուեյը նշեց, որ սա իսկապես հաջողված ծրագիր է: «Հայաստան ժամանելուն պես առաջինը այցելեցի Գյումրի՝ ծանոթանալու երկրաշարժի հետեւանքներին եւ կատարված աշխատանքներին», - ասաց դեսպան Օդուեյը:՝ ավելացնելով, որ հետագայում եւս մի քանի անգամ այցելել է յումրի ու համոզվել, որ ընթացող աշխատանքները շոշափելի են ու տեսանելի:

Համաձայնագրի ստորագրության արարողությանը ներկա նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ նշեց, որ ծրագրի արդյունքում կլուծվի մոտ 6,5 հազար ընտանիքների բնակարանային խնդիրը: «Ուղղակի փորձենք միասին գնահատել այս թիվը, խորությունը եւ այն, ինչ կանգնած է այս թվերի հետեւում», - ասաց Քոչարյանը:

1998 թվականի նախագահական ընտրություններում նախագահության թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրի «Աղետի գոտի» հատվածում ամրագրված էր. - «Աշխատատեղերի կտրուկ ավելացման եւ բնակարանային ապահովվածության շնորհիվ ՝ «աղետի գոտի» հասկացությունից ձերբազատում, պետական միջոցներով ծավալուն բնակարանային շինարարության իրականացում, 2001 թվականին բնակարանային խնդրի վերջնական լուծման ապահովում»:

«Աղետի գոտի» հասկացության վերացումը, ուստի, մի փոքր հետաձգվում է՝ մինչեւ 2003 թվականի դեկտեմբեր:

«Պետք է նաեւ հիշենք, որ այդ երկու ծրագրերն էլ ֆինանսավորվում են ամերիկյան գումարներով», - շեշտեց նախագահը: - «Ես կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել Միացյալ Նահանգների Կոնգրեսին եւ կառավարությանը, կցանկանայի շնորհակալություն հայտնել USAID-ի ղեկավարությանը, Հայաստանի մասնաճյուղին, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատանը, դեսպանատան աշխատակիցներին եւ դեսպանին՝ աղետի գոտու վերականգնման գործում այսպիսի ակտիվ մոտեցում եւ վերաբերմունք ցուցաբերելու համար»:

3 սենյականոց մեկ վկայագրով ենթադրվող գումարը մոտավորապես 3500-3600 դոլար, որը համապատասխանում է, ասենք, Գյումրիում միջին գներով մեկ բնակարանի գնին: Գյուղական բնակավարերում մեկ սեփական տուն կառուցելու համար 4-5 հազար դոլար է նախատեսվում, եւ կառուցումը նույնպես իրականացնում է ամերիկյան կողմը:

Վկայագրով ամրագրված գումարը կարող է փոփոխվել՝ ելնելով բնակարանների շուկայական արժեքից: Իհարկե եթե բնակիչը որոշի շատ շքեղ տուն ունենալ, եւ այն էլ քաղաքի ամենակենտրոնում, ստիպված է լինելու գումար ավելացնել: Սակայն նա կարող է նաեւ տնտեսել նախատեսված գումարը այլ ծախսերի համար՝ եթե կարողանա ավելի էժան բնակարան գտնել:

Հայկական կողմը չի տիրապետում տեղեկատվության, թե որքան արժե ամբողջ ծրագիրը: «Հուշագրում ֆիքսված է, որ ֆինանսական հարցերը չեն քննարկվում Հայաստանի կառավարության հետ», - ասաց Դավիթ Լոքյանը՝ ավելացնելով, որ սա մարդասիրական օգնություն է:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG