Մատչելիության հղումներ

Բոջոլյանը պատմում է թուրք լրագրողների հետ իր շփումների մասին


Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով ամբաստանվող Մուրադ Բոջոլյանը իր ցուցմունքներում հրապարակեց տեղեկություններ, որոնք ավելի վերաբերում են «Հոկտեմբերի 27»-ի դատավարությանը:

Պատմելով թուրք լրագրողների հետ իր շփումների մասին, Բոջոլյանը անուն առ անուն ներկայացրեց այն թուրք լրագրողներին, ում հետ համագործակցել է. «Միլլիեթ» թերթի մոսկովյան թղթակից Ջենք Բաշլամիշ, «Անադոլու» գործակալության թղթակից Ռեմզի Օսկան, CNN-TURK-ի հայտնի մեկնաբան Մեհմեդ Ալի Բիրանդ , «Հյուրիեթ» թերթի թղթակից Ներդուն Հաջիօղլի: Ըստ քրեական գործի նյութերի, նշված լրագրողները բոլորն էլ թուրքական հատուկ ծառայությունների գործակալներ են:

Բոջոլյանը, սակայն, վստահեցնում է, որ որեւէ կասկած չի ունեցել այդ լրագրողների նկատմամբ, բացառությամբ «Հյուրիեթ»-ի թղթակից Բուլղարիայում ծնված, ռուսերենին լավ տիրապետող Ներդուն Հաջիօղլուց, որի հետ չի համագործակցել, քանի որ վերջինս հակահայկական եւ խեղաթյուրված տեղեկություններ ու հոդվածներ է գրել: Հաջիօղլին Հայաստան գալիս շփվել է «Հյուրիեթ»-ի հայաստանյան թղթակից Տիգրան Նազարյանի հետ:

Մուրադ Բոջոլյանը այսօր իր ցուցմունքներում ասաց, թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած դեպքերից անմիջապես հետո Հաջիօղլին Տիգրան Նազարյանին գտնելու անհաջող փորձերից հետո զանգահարել է իրեն՝ ահաբեչության մասին տեղեկություն ստանալու, եւ ինքը մերժել է:

Ուշագրով է, որ, ըստ Բոջոլյանի, թուրք լրագրողները խորհրդարանում տեղի ունեցածի մասին տեղյակ են եղել ահաբեկչությունից գրեթե անմիջապես հետո. համենայնդեպս Բոջոլյանին զանգահարել եւ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի սպանության մասին հայտնել են ժամը 17.30-18.00-ին: Այդ ժամանակ հայսատանյան լրագրողները անգամ դեռ ստույգ տեղեկություններ չունեին:

Թուրքական լրատվամիջոցին Տիգրան Նազարյանի թղթակցության մասին դեռ 2001 թվականին ամբաստանյալ Նաիրի Հունանյանն էր ցուցմունք տվել: Ամենայն հավանականությամբ, դրա մասին տեղյակ է նաեւ զինդատախազության քննչական այն խումբը, որ զբաղվում է «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի քննությամբ: Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրի նախկին թղթակից Տիգրան Նազարյանը ներկայումս, ինչպես հայտնի է, Հայաստանում չէ:

Այնուհետեւ Բոջոլյանը նշեց, թե հանրապետության ազգային անվտանգության մարմինները մի քանի տարի հսկողության տակ են պահել իրեն: 2000 թվականի մայիսից մինչեւ 2001-ի սեպտեմբերը, զբաղվել է առեւտրով, նորից պարտքով գումար է ձեռք բերել, 6 անգամ մեկնել Թուրքիա, զանազան տեսակի ապրանք բերել ու վաճառել, բայց զուգահեռաբար շարունակել է համագործակցել թուրքական լրատվամիջոցների հետ: 2001-ի հոկտեմբերին Ստամբուլ մեկնելիս Բագրատաշենում Բոջոլյանին է մոտեցել ազգային անվտանգության մարմինների մի աշխատակից եւ հետաքրքրվել է, թե թուրքերենին այդքան լավ տիրապետող անձնավորությունն ու թարգմանիչը ինչպես է, որ առեւտրով է զբաղվում: Որոշ ժամանակ անց մեկ այլ աշխատակից արդեն Երեւանի «Փեթակ» տոնավաճառում Բոջոլյանին առաջարկել է համագործակցել անվտանգության մարմինների հետ:

2002-ի հունվարի կեսերին Բոջոլյանի համակուրսեցի Հասմիկ Ստեփանյանը խնդրել է մի դիսկետ տանել Ստամբուլ, հանձնել պոլսահայ համայնքի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, որտեղ պետք է զետեղված լիներ Հասմիկի աշխատությունը: Սակայն հետո Բոջոլյանի մեկ այլ համակուրսեցու, ազգային անվտանգության նախարարության աշխատակից Ռոզա Լուսփարյանի ներկայությամբ, Հասմիկը հրաժարվել է Բոջոլյանի օգնությունից:

Մի քանի օր անց 2002-ի հունվարի 26-ին Բագրատաշենում Բոջոլյանի ձերբակալության ժամանակ անվտանգության մարմինների աշխատակիցները առաջին հերթին դիսկետ են փնտրել: Եվ Բոջոլյանն այսօր իր ցուցմունքում հայտարարեց, որ մեջբերում եմ «դրանով հաստատվեցին, որ իմ խոսակցությունները գաղտնալսվում են եւ Հասմիկի դիսկետի օգնությամբ փորձել են իմ նկատմամբ գործ սարքել»:

Դատավարության հաջորդ՝ երկուշաբթի կայանալիք նիստում Բոջոլյանը կշարունակի իր ցուցմունքները:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG