Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Գույքը տվեց, պարտքը մարվեց, շահեցին բոլորը», - «Հայոց Աշխարհ» թերթի ձեւակերպած այս կարգախոսի շրջանակում է իշխանամետ մամուլը ամփոփում Ռուսաստանի վարչապետ Կայանովի այցը Հայաստան: Մյուս կողմից, «Հայկական ժամանակ» թերթը հեգնում է. - «Սա լավ սկիզբ է, եւ եթե այսպես շարունակվի, կարելի է կարճ ժամկետներում փակել Հայաստանի արտաքին պարտքն ամբողջությամբ: Օրինակ, Թուրքմենստանին ունեցած 34 մլն դոլար պարտքի դիմաց կարելի է հանձնել կառավարության շենքը, Հանրապետության հրապարակից 1200 ք/մ, նախագահական նստավայրի առաջին հարկը եւ ԱԺ շենքի դիմացի ջրավազանը: Եվրոբանկը, թերեւս, կբավարարվի Սեւանա լճով, Խոսրովի անտառներով ու Երեւան-Բագրատաշեն ավտոճանապարհով: Մի քիչ բարդ կլինի մեր ամենամեծ պարտատիրոջ՝ Համաշխարհային բանկի հարցը, բայց մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ՀԲ-ն համաձայն է պարտքի դիմաց վերցնել Մեղրին», - ուրվագծել է «Հայկական ժամանակ»-ը, նաեւ ընդգծելով. - «Թե' Ռուսաստանի եւ թե' Հայաստանի իշխանությունները այս գործարքի շուրջ խոսելիս շոշափում են բացառապես տնտեսական կողմը... Բայց կա նաեւ քաղաքական կողմը... այս գործարքը շատ ավելի քաղաքական է, քան տնտեսական»: Ռուսաստանի վերահսկողության տակ անցավ Հայաստանի էներգետիկ համակարգը, եւ Հայաստանն այլեւս անայլընտրանք հավերժ կապվում է Ռուսաստանի հետ, նկատի ունի «Հայկական ժամանակ»-ը:

«Հայոց Աշխարհ» թերթում այսօր բերված են Սուրեն Զոլյանի քաղաքագիտական դիտարկումները: «Այն գործընթացները, որ կան ներքաղաքական դաշտում, բարեբախտաբար, կանխատեսելի են եւ ծավալվում են արդեն ուրվագծված շրջանակներում», - ասում է նա: - «Այս պահի դրությամբ գործող նախագահն ունի հսկայական առավելություն: Եթե անակնկալ զարգացումներ չլինեն, եւ այդ առավելությունը պահպանվի, հնարավոր է՝ անգամ երկրորդ փուլի անհրաժեշտություն չլինի»: Զոլյանի հայացքով, ընդդիմության համար շատ ավելի գործող է հարավսլավական տարբերակը, երբ ընդդիմությունը որոշում է ոչ թե իր մեջ ընտրել միասնական թեկնածուին, այլ հրավիրել կողքից՝ որեւէ չեզոք մարդու, որը ընդունելի է բոլորի համար, բայց այսօր սրա նախադրյալները նույնպես չեն երեւում: Ընդհանուր առմամբ, Սուրեն Զոլյանը շեշտել է. - «Քաղաքական դաշտը մեզանում խիստ նեղ է եւ կարծես թե խորհրդարան - կառավարություն - մի քանի ընդդիմադիր կուսակցություններ շրջանակից դուրս չի գալիս: Ժողովրդի գործոնը անտեսվում է»:

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների առիթով համեմատելով մեր երկրների ընտրական համակարգերը, «Օրրան» թերթի մեկնաբանը նշում է. - «Եթե գնահատելու լինենք զուտ հայկական, ավելի ճիշտ՝ հանրապետական չափանիշերով, ապա Էջեվիթը «տեղերում» լավ չի աշխատել, այլ խոսքով՝ ամենեւին չի օգտվել իր իսկ ձեռքում գտնվող վարչաապարատային լծակներից... Թուրքիայում ձեւավորվել է բավականաչափ ճկուն եւ հասարակական իրողություններին համարժեք քաղաքական համակարգ, ինչը առավելագույն չափով հնարավորություն է տալիս ընտրողների ցանկությունները ու ձգտումները առարկայացնել իշխանության օրենսդիր, ապաեւ գործադիր թեւերի կազմում»: «Թուրքական հասարակությունը աշխարհաքաղաքական նոր իրողություններով թելադրված վերագնահատումների փուլ է ապրում, իսկ Թուրքիայի ընտրական համակարգում ընտրակեղծիքների փաստական բացակայությունը աշխարհին ու մասնավորապես մեզ՝ հայերիս, հնարավորություն է տալիս տեսնել այդ փոփոխությունը եւ փորձել, գոնե տեսականորեն, ինչ-ինչ հետեւություններ անել», - արժեվորված է «Օրրան»-ում:

«Եթե նախկին չափավորված իշխանությունների օրոք էին լարված հայ-թուրքական հարաբերությունները, ապա հետագայի համար լավատեսության հիմքեր, կարծես թե, չկան», - անդրադարձել է «Առավոտ» թերթը՝ ամեն դեպքում, սակայն, Թուրքիայում շատ արմատական փոփոխություններ հնարավոր չհամարելով: Ավելի խորը հետագիծ է կանխատեսում «Հայոց Աշխարհ»-ի տեսաբանը, ըստ որի, «թուրքական աշխարհիկ ռազմաբյուրոկրատական պետությունը կանգնել է իր պատմության մեջ թերեւս ամենադժվարին ընտրության առջեւ, քաղաքակրթական առումով օտար միջավայր խցկվելու ձգտումը հակազդեցության է արժանանում ոչ միայն Եվրոպայի, այլեւ հենց իր՝ թուրք ժողովրդի մեծամասնության կողմից, որը, ի տարբերություն աշխարհիկ էլիտայի, երբեք չի տարանջատել աշխարհիկ թուրքիզմը ավանդական իսլամից»: Հիմա Թուրքիայի բնակչության կողմնորոշումների հստակեցումը, տեսաբանի կարծիքով, կարող է հանգեցնել այդ արհեստածին պետության ներքին տրոհման առնվազն երեք՝ եվրոպական, թուրք-իսլամական եւ քրդական հատվածների: «Հայոց Աշխարհ»-ում ամփոփված է. - «Նոր աշխարհակարգում անխուսափելի է դառնալու ոչ միայն Թուրքիայի ներքին տրոհումը, այլեւ նրա արհեստածին օրգանիզմի անդամահատման գործընթացը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG