Մատչելիության հղումներ

Էներգետիկայի փոխնախարարը վստահ է, որ Հայաստանի էներգետիկ անկախությունը չի վտանգվում


«Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում այսօր Ռուսաստանին փոխանցված հինգ ձեռնարկությունների շարքում է նաեւ Հրազդանի ՋԷԿ-ը: Այսպիսիով, Հայաստանի բաշխիչ ցանցերը բաժին ընկան «Միդլենդ ռեսուրսիս հոլդինգ» ընկերությանը, Հրազդանի ՋԷԿ-ը այլեւս ռուսական է, Սեւան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը նույնպես պարտքի դիմաց գրավ է դրված ռուսաստանյան «ՌԱՈ ԵԷՍ»-ին: Արտադրվող էլեկտրաէներգիայի 40 տոկոսն ապահովող Հայկական ատոմակայանն էլ աշխատում է ռուսական վառելիքով: Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը չհամաձայնեց, թե այդ ամենը վտանգում է Հայաստանի Էներգետիկ անկախությունը:

«Ես չեմ կարծում, որ Հրազդանի ՋԷԿ-ը փոխանցելով մենք նվազեցնում ենք մեր էներգետիկ անկախությունը: Ցանկացած սեփականատիրոջ, առավել եւս ռուսաստանյան ընկերությունների նման լուրջ ներդրողի առկայությունը Հայաստանում, ես կարծում եմ, Հայաստանի էներգետիկ անվտանգության, անկախության մակարդակին որեւէ վտանգ չի սպառնում», - փաստարկեց փոխնախարարը՝ պարզաբանելով. - «Ցանկացած լուրջ ներդրողի առկայությունը նաեւ էներգետիկ ապահովության լրացուցիչ երաշխիք է»:

Նրա իսկ խոսքերով, որքան էլ ավելի էժան եւ շահավետ է հիդրոկայանների շահագործումը, այսօր մեր երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի միայն 20 տոկոսն են ապահովում մեծ եւ փոքր հիդրոկայանները: Մնացածը շոշափելիորեն թանկ՝ ջերմակայանների, ինչպես նաեւ Մեծամորի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան է:

«Մեր էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության մեջ 40 տոկոսը ատոմային էլեկտրակայանի արտադրանքն է, շուրջ այդքան՝ ջերմային էլեկտրակայանների արտադրանքը եւ, կախված տարվա եղանակներից, ջրառատությունից, 20-25 տոկոս կազմում են հիդրոկայանների արտադրանքը», - ներկայացրեց փոխնախարարը:

Նախարարությունում ներկայումս կա հիդրոռեսուրսների առավել օպտիմալ օգտագործման ծրագիր՝ մասնավորապես փոքր ՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման ծրագիր, սակայն, Սիմոնյանի խոսքերով, այդ ծրագրի իրականացումը երկար տարիների եւ մեծ ներդրումների հետ է կապված: «Այնպես որ, որակական մեծ փոփոխություններ էներգետիկ բալանսում մոտակա տարիներին հազիվ թե կարելի է ակնկալել», - ասաց Արա Սիմոնյանը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG