Ընդդիմադիր խոշորագույն կուսակցություններից մեկի՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) այսօր տեղի ունեցած երրորդ համագումարում որոշվեց հաջորդ տարվա փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը:
Համագումարին ներկա էի ընդդիմադիր միավորման 16 կուսակցությունների գրեթե բոլոր առաջնորդները, եւ բոլորն էլ ողջունեցին Դեմիրճյանի առաջադրումը: Միավորումից դուրս քաղաքական ուժերը ներկայացքուցիչներից էին Արմեն Ռուստամյանը (Դաշնակցություն) Ազգային ժողովի եւ ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցություն) փոխնախագահ Տիգրան Թորոսյանը:
Համագումարում ողջույնի խոսքով ելույթ ունեցան «16»-ի կազմի մեջ մտնող ուժերի առաջնորդները:
«Հայ ժողովրդի փրկությունը մեր կուսակցությունների միասնության մեջ է», - բառաշրջելով Չարենցի ասույթը, ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը:
Սոցուժերի դաշինքի անունից էլ Վարդան Խաչատրյանը ասաց, թե ՀԺԿ-ն ընդդիմության դաշտում «հարվածային գլխավոր ուժերից մեկն է»:
«Նայելով ձեզ այս համագումարում ես տեսնում եմ «Միասնություն» դաշինքի շարունակությունը», - ներկաների բուռն ծափահարությունների ներքո հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից Արամ Սարգսյանը:
ՀԺԿ-ի հետ համագործակցելու պատրաստակամության դիրքերից խոսեց նաեւ ՀԴԿ (Հայաստանի դեմոկրատական կուսակցություն) առաջնորդ Արամ Սարգսյանը: ՍԻՄ («Սահմանադրական իրավունք» միություն) նախագահ Հրանտ Խաչատրյանը առավելապես ծանրացավ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները տրոհելու ու փոշիացնելու հեռանկարից խուսափելու անհրաժեշտության վրա:
«Այն խնդիրները, որ այսօր կանգնած են Հայաստանի առջեւ, առանց ՀԺԿ-ի էական դերակատարման, լուծելը դառնում է գրեթե անհնար», - ասաց ԱԺԿ (Ազգային ժողովրդավարական կուսակցություն) նախագահ Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով, ընդդիմադիր միավորման պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի մոտակա նախագահական ընտրություններում կարողանան հանդես գալ իրոք միասնական թեկնածուով:
ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ Վազգեն Մանուկյանը, ողջունելով, իր խոսքերով՝ «մեր» համագումարը ասաց. - «Հայաստանում միջանկյալ իշխանությունը է՝ մտածելու ժամանակն է: Հիմա արդեն ժամանակն է, որ գնանք միասին առաջ»:
«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, որը ողջույնի խոսքով հանդես չեկավ, քանի որ, ինչպես ինքն ասաց «Ազատություն» ռադիոկայանին, նախօրոք չէր պայմանավորվել, նույնպես միացավ ողջույններին:
Արմեն Զաքարյան, Երեւան