Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցությունը կառաջադրի, հավանաբար, Արամ Սարգսյանի թեկնածությունը


«Հանրապետություն» կուսակցության համագումարը ծրագրված է անցկացնել նոյեմբերի վերջին: Համագումարն էլ կուսակցության վերջնական դիրքորոշումը կարտահայտի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում թերկանծուի առաջադրման հարցում: Այդուհանդերձ, ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը, ներկա փուլում «Հանրապետություն»-ը հակված է առաջադրելու նախկին վարչապետ, կուսակցության ղեկավարներից Արամ Սարգսյանի թեկնածությունը:

Բազեյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաեւ երկրի քաղաքական եւ, մասնավորապես, «16»-ի միավորման շրջանակներում հնարավոր զարգացումներին: «Երկիրը կանգնած է մեծ ջրբաժանի առաջ», - ասաց Ալբերտ Բազեյանը: - «Ժողովուրդը պետք է ընտրություն կատարի իր ապագայի համար. կամ կվերընտրվի գործող իշխանությունը, եւ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա եւ կշարունակվի այն քաղաքականությունը, որն այսօր իրականցվում է, կամ իշխանափոխություն տեղի կունենա, կստեղծվեն նախադրյալներ երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու համար»:

Թեեւ «16»-ի անդամ տարբեր գաղափարներ եւ տեսակետներ ունեցող կուսակցությունները նախապես միավորվել էին նախընտրական փուլում միասնական թեկնածուով հանդես գալու նպատակով, սակայն, ըստ Բազեյանի, այդ շրջանակում կան քաղաքական ուժեր, որոնց վարքագծի վրա լուրջ ազդեցություն ունենալ հնարավոր չէ: Ի վերջո յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր քաղաքական հետագա քայլերը, դրանց նպատակահարմարությունն ու հերթականությունը:

«Ես ենթադրում եմ, որ «16»-ի կազմից կառաջադրվեն մի քանի թեկնածուներ, եւ ընտրարշավի որոշակի փուլում մենք կփորձենք բանակցությունների միջոցով կանգնել մեկ թեկնածուի ընտրության վրա՝ հաշվի առնելով առաջին հերթին հասարակության վերաբերմունքը տվյալ թեկնածուի անձին, նրա քաղաքական ծրագրերը եւ մի շարք այլ գործոններ», - ասաց Բազեյանը՝ ավելացնելով. - «16»-ի խնդիրները դեռ առջեւում են»:

Ալբերտ Բազեյանը ասաց, թե իրենց կուսակցության եւ ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) քաղաքական քայլերը մի շարք առումներով համահունչ են եւ ապագայում էլ համընթաց են լինելու: «Հանրապետություն»-ը կարեւորում է քաղաքական ուժերի համախմբման գործընթացը, ու թեեւ պատրաստ են իրենց կազմից թեկնածու առաջադրել, բայց, Բազեյանի, խոսքերով, պատրաստ են նաեւ բանակցություններ վարել ընտրարշավի որոշակի փուլում: «Եթե պարզ լինի, որ որեւէ այլ թեկնածու, որը մեր կուսակցության անդամ չէ, ավելի մեծ հնարավորություններ ունի կամ ժողովուրդը հատկապես նրան է ուզում տեսնել երկրի նախագահի պաշտոնում, մենք կարող են նաեւ հանել մեր թեկնածուին ընտրարշավից եւ պաշտպանել մյուս թեկնածուին»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը չի բացառում, որ ընտրարշավի առաջին փուլում «16»-ը բաժանվի, սակայն «անպայման կլինի միավորում». - «Հստակ չասացի, թե որ փուլում կարող է տեղի ունենալ այդ միավորումը: Դա կարող է տեղի ունենալ մինչ երկրորդ փուլը, բայց չեմ բացառում, որ այդ միավորումը, մեկ թեկնածուի պաշտպանությունը տեղի ունենա երկրորդ փուլում»:

Կարելի է ենթադրել, որ «16»-ի գոնե մի մասի մարտավարությունն այսպիսին է, առաջին փուլում մի քանի թեկնածուներով մասնակցել ընտրություններին, որովհետեւ, ինչպես ասաց Բազեյանը, «16»-ի դաշինքում յուրաքանչյուր թեւ ունի իր հստակ ընտրազանգվածը, եւ «եթե յուրաքանչյուր թեւ հավաքի անգամ 20 տոկոս, առաջին փուլով Ռոբերտ Քոչարյանի անցնելու հնարավորությունը բացառված է»:

Դրանից հետո էլ կհստակեցվեն կուսակցությունների դիրքորոշումները:

Իսկ առայժմ «16»-ի գերխնդիրն է ապահովել արդար, թափանցիկ ընտրություններ: Այդ նպատակով «16»-ի քաղաքական ուժերի միավորումը նախագահական ընտրությունների ընթացքում հանրապետության բոլոր տարածքներում ձեւավորելու է միասնական նախընտրական շտաբեր, որոնք գործելու են իրենց շրջանակներից առաջադրվող բոլոր թեկնածուների օգտին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG