Մատչելիության հղումներ

Քոչարյան - Ալիեւ հերթական հանդիպումը կկայանա այս ամիս Պրահայում





Ինչպես այսօր հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, նոյեմբերի 22-23-ը Պրահայում անկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, ինչպես նաեւ Եվրատլանտյան համագործակցության երկրները: Պրահա է մեկնելու նաեւ Հայաստանի պատվիրակությունը:


«Այսինքն 2 տարբեր օրերի պետք է երկու գագաթաժողով անցկացվի», - լրագրողներին ասաց նախարարը: - «Երկրորդի դեպքում մենք մասնակցելու ենք արդեն որպես Եվրատլանտյան խորհրդի լիիրավ անդամ»:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորելու է նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Օսկանյանի փոխանցմամբ, Հայաստանի նախագահը, ի թիվս մյուս անդամ երկրների նախագահների, ելույթ կունենա գագաթնաժողովում: «Օգտագործելով առիթը, կլինեն, երեւի, երկկողմ հանդիպումներ», - ավելացրեց նախարարը:

Նախագահի լրատվական ծառայությունից, մինչդեռ, ասացին, որ դեռեւս տեղեկատվություն չունեն, թե Պրահայում Ռոբերտ Քոչարյանը ինչ հանդիպումներ է ունենալու:

Հաստատ է, սակայն, որ Քոչարյանն ու Ալիեւը հերթական անգամ հանդիպելու են՝ քննարկելու Ղարաբաղի կարգավորման հարցը: Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւին, հաղորդում են, թե Քոչարյան - Ալիեւ հերթական հանդիպումից առաջ, Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով նրանց լիազոր ներկայացուցիչները՝ փոխարտգործնախարարներ Թաթուլ Մարգարյանն ու Արազ Ազիմովը երկու հանդիպում կունենան: Առաջինը նոյեմբերի 14-ին Վիեննայում, երկրորդը՝ Պրահայում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախաշեմին:

Արդյո՞ք կարելի է ենթադրել, թե Մարգարյանն ու Ազիմովը փորձելու են հարցի որեւէ լուծում առաջ մղել՝ հասցնել մի մակարդակի, որ նախագահները ինչ-որ հանաձայնության գան: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին, Վարդան Օսկանյանը ասաց. - «Նրանք [երկու նախագահների լիազոր ներկայացուցիչները] ունեն իրենց օրակարգը, կշարունակեն իրենք քննարկումները, բայց պետք չէ առանձնակի նշանակություն տալ այս հանդիպմանը: Ուղղակի զուտ ժամանակի առումով զուգադիպություն է, որ դա տեղի է ունենում նախագահների Պրահայի հանդիպումից առաջ», - ասաց Օսկանյանը՝ նաեւ չհաստատելով, թե նախագահների լիազոր ներկայացուցիչները երկու հանդիպում են ունենալու:

«Առայժմ խոսքը, թեեւ դեռեւս չի հաստատվել, Վիեննայում տեղի ունենալիք հանդիպման մասին է», - ասաց նախարարը: - «Միայն այդ հանդիպումից հետո, կարիքից ելնելով, երեւի թե կորոշեն՝ արժե երկրորդ հանդիպումը անցկացնել թե ոչ»:

Վերջերս, ադրբեջանական «Զերկալո» թերթի հարցազրույցում Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ, նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինը ասել է, թե Ադրբեջանն առաջարկում է հակամարտության լուծման երրորդ՝ փոխզիջումային տարբերակ:

Անդրադառնալով սրան, Վարդան Օսկանյանը ասաց. - «Մեզ որեւէ բան չի ասվել, մենք տեղյակ չենք: Եվ նաեւ պետք է ասել, որ առաջարկությունները կարող են լինել միայն ու միայն համանախագոհերի կողմից: Այսօրվա դրությամբ, սեղանի վրա կա մեկ առաջարկություն, որի շուրջ նախագահները քննարկումներ են անցկացնում, եւ նոր որեւէ բան դեռեւս մեզ չի առաջարկվել համանախագահողների կողմից»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG