Մատչելիության հղումներ

Մոսկովյան ողբերգության զոհերից է նաեւ Հայաստանի մեկ քաղաքացի





Մոսկվայի թիվ 13 հիվանդանոցում, ուր երկու օր առաջ տեղափոխվել էին չեչեն զինյալների կողմից գրավված համերգասրահի գրոհի ժամանակ կիրառված գազից տուժած պատանդները, մահացել է Հայաստանի քաղաքացի, 43-ամյա Մյասնիկ Զաքարյանը:

Զոհվածի ազգական Արմեն Առաքելյանը, որը նույնպես եղել է համերգասրահում, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հայ պատանդների նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունեին չեչեն զինյալները, 44-ամյա Առաքելյանը ասաց. - «Ես չէի ասի, որ մեր հանդեպ այլ կերպ էին վերաբերվում, քան մյուսների»:

Նրա խոսքերով, դահլիճ ներխուժելուց քիչ անց, չեչեն զինյալներն ասել են. - «Եթե կան վրացիներ եւ ադրբեջանցիներ, ապա մենք նրանց ազատ ենք արձակում»: «Այնտեղ խոսք բացվեց, թե «իսկ հայերի՞ն», - շարունակեց Առաքելյանը: - «Պատասխանեցին, թե՝ ոչ, հայերին եւ բելառուսներին արտասահմանցի չենք համարում»:

Նրա խոսքերով, ինքն ու Մյասնիկ Զաքարյանը ընդամենը մեկական անգամ են կարողացել հեռախոսով խոսել հարազատների հետ: Դրանից հետո չեչեն զինյալները բոլորից հավաքել են բջջային հեռախոսները:

«Չէի ասի, թե կոպիտ էին վերաբերվում պատանդների հետ», - պատմեց Առաքելյանը: - «Սակայն ժամանակ առ ժամանակ կատարվող կրակոցներն ու ընդհանուր մթնոլորտը սարսափի զգացում էին առաջացնում մարդկանց մոտ»:

Հայ պատանդներից Թամար Գեւորգյանը նույնպես արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Նրան այցելել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը: Հայազգի պատանդներից միայն 20-ամյա Կարեն Հայրապետյանն է դեռեւս հիվանդանոցում, սակայն նա էլ, բժիշկների խոսքերով, շուտով դուրս կգրվի:

Այսօրվա դրությամբ անհայտ կորած են համարվում շուրջ 50 նախկին պատանդներ: Զոհված նախկին պատանդների թիվը կազմում է 117 մարդ: Նրանց մեջ են Ավստրիայի, Բելառուսի, Ղազախստանի, Հոլանդիայի եւ Հայաստանի մեկական քաղաքացի:

Իշխանությունները խուսափում են հրապարակել հրազենից եւ թունավորումից մահացած պատանդների հարաբերակցությունն արտացոլող թվեր: Հայտնի է, մինչդեռ, որ հիվանդանոցներում են գտնվում հրազենից վիրավորված ընդամենը 9 նախկին պատանդ: Մնացած բոլորի, այդ թվում գրեթե բոլոր զոհվածների, առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառ դարձել է իրավապահների կողմից նյարդային համակարգի վրա ազդող գազի կիրառումը:


Արթուր Տերյան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG