Մատչելիության հղումներ

Ավելացել են օտարերկրյա ներդրումները


Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տվյալներով, 2002 թվականի առաջին 6 ամսվա ընթացքում, ըստ նախնական տվյալների, օտարերկրյա ներդրումները Հայաստանում կազմել են 119 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ներդրումների համեմատ կազմում է 102,4 տոկոս: Եւ սա այն դեպքում, երբ այս տարի էապես կրճատել են ներդրումային ընդհանուր պորտֆելում համամետաբար մեծ տեղ գրավող «ԱրմենՏել»-ի ներդրումները:

Հայկական զարգացման գործակալություն տնօրեն Վահագն Մովսիսյանը դա պայմանավորում է Հայաստանում ներդրումային մթնոլորտի բարելավմամբ: Համաշխարհային բանկը, նրա խոսքերով, առանձնացրել էր Հայաստանում գործ սկսելիս արտասահմանցի ներդրողների ճանապարհին առկա 32 խոչընդոտ, որոնց թիվն այսօր կտրուկ կրճատվել է:

«Մոտ մի 6-7 խոչընդոտ, նրանց գնահատականներով, դեռեւս մենք ունենք», - ասաց Մովսիսյանը՝ ավելացնելով, որ դրանք կապված չեն օրենքների հետ: - «Օրենքները շատ լավն են մեզ մոտ, բայց կան կանոնակարգեր, որ չինովնիկին միջին օղակում հնարավորություն են տալիս ինչ-ոչ քաշքշուկ ստեղծելու»:

Մովսիսյանի խոսքերով Հայաստան - Սփյուռք երկրորդ համաժողովից հետո մինչեւ օրս շարունակվում են բանակցությունները, եւ մոտ երկու տասնյակ ներդրողներ «սկսել են ակտիվ գործողությունները»:

«Ունենք մոտ 32 պոտենցիալ ոչ հայազգի ներդրողներ, որոնք նույնպես տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու մասին արդեն որոշումն ընդունել են», - ասաց Մովսիսյանը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG