Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանի գրասենյակը հերքում է Ելցինի հայտարարությունը





Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը այսօր հերքել է հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի՝ Երեւանում արած հայտարարել էր, թե Տեր-Պետրոսյանը իր իրեն ասել էր, թե չի առաջադրվելու գալիք 2003 թվականի նախագահական ընտրություններում:

Ոչ պաշտոնական այցով Հայաստանում գտնվելու ընթացքում, Բորիս Ելցինը, որը շատ ժամանակ էր անցկացնում գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, հանդիպում էր ունեցել Լեւն Տեր-Պետրոսյանի հետ՝ հակառակ լրատվամիջոցներում շրջանառվող պնդումների, թե իշխանությունները ամեն բան անում են խափանելու համար երկու երկրների նախկին նախագահների հանդիպումը:

«Մենք քաղաքականության մասին չենք խոսել: Նա [Տեր-Պետրոսյանը] իր նախաձեռնությամբ ասաց, որ չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում: Ես հասկանում եմ նրա դիրքորոշումը», - լրագրողներին ասել էր Բորիս Ելցինը: Ռուսաստանի նախկին նախագահը այդ նույն ասուլիսում նաեւ պաշտպանել էր Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում:

Նախկին նախագահի շրջապատը, նրա գրասենյակը առանց մեկնաբանության թողեցին այդ հայտարարությունը: Նախկին իշխանական կուսակցությունը՝ ՀՀՇ-ն (Հայոց համազգային շարժում) նույնպես գերադասում էր լռել:

Եվ ահա այսօր Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը տարածել է մի հաղորդագրություն, որում ասված է, թե Ելցինի հայտարարությունը «ամենայն հավանականությամբ, արդյունք է թյուընբռնման»:

«Առաջիկա ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցության հարցը վերջնական պատասխան կստանա Նախագահի թեկնածուների առաջադրման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում», - տեղեկացնում է հաղորդագրությունը:

Ըստ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի», նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում «ընտրությունների օրվանից ոչ շուտ, քան 90 եւ ոչ ուշ, քան 75 օր առաջ»:

Նախագահական ընտրությունները նշանակված են 2003 թվականի փետրվարի 19-ին:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG