Երեկ երեկոյան Երեւան է ժամանել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաեւ Կրասնոդարի երկրամասին նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը: Ըստ պատվիրակության ղեկավարի, այցի նպատակը երկու երկրների նախագահների աշխատակազմերի ավելի սերտ փոխգործակցությանը նպաստելն է:
Այսօր պատվիրակությանն ընդունել է Ռոբերտ Քոչարյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի նախագահը հանդիպման ժամանակ խստագույնս դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը եւ նշել. - «Ահաբեկչությունը չարիք է, որի դեմ պետք է պայքարել միասնական վճռականությամբ»:
Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մասնակցող Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը, խոսելով երկրամասում բնակվող հայ ազգաբնակչության մասին, շեշտել է, որ հայ համայնքի հետ ձեւավորվել են լավ հարաբերություններ, եւ հայերը լավագույնս ներգրավված են երկրամասի կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:
Անդրադառնալով վերջին շրջանում ծագած ազգամիջյան խնդիրներին, Տկաչովը ասել է, որ դրանք հրահրված սադրանքներ են եւ որեւէ առնչություն չունեն ազգամիջյան հարաբերությունների հետ: Ալեքսանդր Տկաչովը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանին պաշտոնական այց կատարել երկրամաս: Հրավերն ընդունվել է:
Ավելի ուշ Կրասնոդարի երկրամասի նահանգապետը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե երկրամասում հայերի դեմ ուղղված բռնարարքները ամբողջովին վերացված են: «Հակամարտություն որպես այդպիսին չկար. դա ավելի շատ մտացածին էր, դրսից էր ներմուծված, լրատվամիջոցներն էին այդպես մեկնաբանում: Կուբանում շատ ազգերի բնակությունը համարում ենք մեր հարստությունը եւ պետք է պահպանենք դա», - ասաց նահանգապետը:
Ռուսաստանի պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպումներ ունեցավ խոսնակ Արմեն Խաչատրյանի, խորհրդարանի խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ.
ԱԺ պատգամավոր, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի փոխացմամբ, Վլադիսլավ Սուրկովը որպես Ռուսաստանի նախագահի աշխատակազմի պատասխանատուներից մեկը, եկել է խթանելու հայ-ռուսական համագործակցությունը: Կարեւորելով միջխորհրդարանական կապերը, Սուրկովը ասել է, թե ճիշտ կլինի, որ Հայաստանն ու Ռուսաստանը օրենքները համաձայնեցված ընդունեն:
Քննարկել են նաեւ Աբխազիայի երկաթգծի բացման հնարավորությունները: «Իրենք գտնում են, որ Հայաստանը կարող է այստեղ լուրջ դերակատարություն ունենալ՝ նաեւ Վրաստանի հետ ունեցած իր հարաբերություններն օգտագործելով», - ասաց Ռուստամյանը՝ ավելացնելով, թե երկաթուղու բացումը պետք է վեր լինի քաղաքական ենթատեքստերից. - «Հենց քաղաքական ենթատեքստերն են խանգարել երկաթգծի վերաբացմանը»:
Հրաչ Մելքումյան, Երեւան