Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երբ հայտնի լրագրող եւ քաղաքագետ Տիգրան Հայրապետյանը վրաերթի ենթարկվեց, քչերը հավատացին, թե դա զուտ պատահականություն էր։ Առավել դժվար է պատահականություն համարել, երբ լրագրողի ոտքերի տակ նռնակ է պայթեցվում։ Դժվար է հավատալ, թե հանցագործները Մարկ Գրիգորյանին շփոթել էին ուրիշի հետ։ Այնպես որ», - մտորում է «Առավոտ» թերթը, - «ամենահավանական վարկածն այն է, որ հարձակումը հենց Մարկ Գրիգորյանի վրա էր եւ նախապես ծրագրված էր»: «Առավոտ»-ի վարկածով, լրագրողի ոտքերի տակ նռնակ են նետել ի տես այն լրագրողների, ովքեր չեն կարողանում կամ չեն ցանկանում պապանձվել: Այստեղ քիչ հավանական է համարվում, թե մահափորձը կապված լինի «Հոկտեմբերի 27»-ի գործին առնչվող հրապարակում պատրաստելու հետ, քանզի «մինչ օրս «27»-ի գործով եղած ոչ մի հրապարակում հեղինակի համար ողբերգական հետեւանք չի ունեցել»:

«Հայկական ժամանակ» թերթի քննությամբ էլ՝ պատահականություն չկա, մահափորձը ակնհայտորեն ուղղված է եղել հենց Մարկ Գրիգորյանի դեմ, այսպիսով՝ նաեւ ազատ խոսքի եւ ազատ լրագրության դեմ: «Ակնհայտ է, որ ահաբեկչության կազմակերպիչները իրենց առաջ խնդիր են դրել, որ Մարկ Գրիգորյանի դեմ մահափորձից հետո յուրաքանչյուր լրագրող ինքն իրեն հարց տա. եթե այսպես վարվեցին «անշառ» Մարկի հետ, ի՞նչ կանեն մյուսների դեպքում», - գրում է մեկնաբանը: - «Սա հասկանում եք, համընդհանուր լրագրական հնազանդություն ապահովելու մեթոդ է»: Ի տարբերություն «Առավոտ»-ի, «Հայկական ժամանակ»-ը ուղղակի կապ է տեսնում այս մահափարձի եւ «Հոկտեմբերի 27»-ի գործի միջեւ. - «Գործի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը պահպանվում է բացառապես ազատ մամուլի շնորհիվ: Հանրային հեռուստատեսությունը, օրինակ, վաղուց այս գործին ու ընթացող դատավարությանը չի անդրադառնում: Սա նշանակում է, թե իշխանությունները արձանագրել են, որ հոկտեմբերի 27-ի թեմայի արծարծումը, անգամ ամենապետականամետ տեսանկյունից, իրենց համար խիստ վնասաբեր է»:

«Մի սպանեք լրագրողներին, նրանք, ընդամենը, հանրությանը ներկայացնում են այն ամենը, ինչ անում կամ անելու ենք բոլորս», - այսօր դիմում է «Օրրան» թերթը: Ինչ վերաբերում է մեր կյանքի ընթացքին, «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Կիրակի օրը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, բացի թերթերում արդարացիորեն նշված «տակտիկական» արդյունքներից, հնարավորություն են տալիս կանխատեսելու Հայաստանի քաղաքական զարգացման հիմնական ուղղությունը: Այն, իմ կարծիքով, պայմանավորված է երեք գլխավոր գործոնով: 1. Մոտակա 50 տարում Հայաստանում արդար ընտրություններ չեն լինելու: 2. Լեւոն Տեր-Պետրոսյանը որպես նախագահի թեկնածու երբեք չի առաջադրվելու: 3. Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնում կմնա այնքան ժամանակ, որքան ցանկանա»: Խմբագրի հայացքով, հիմա իշխանության համար մեծ է գայթակղությունը զարգացնել այս ընտրություններում արձանագրված «հաջողությունները»: Օրինակ, խորհրդարանական ընտրություններում «հուպ տալ մինչեւ վերջ»՝ օգտագործելով վարչական եւ ուժային լծակները, խորհրդարանական տեղերի ճնշող մեծամասնությունը բաժանել յուրայինների միջեւ: «Ճիշտ այդպես վարվեց ՀՀՇ-ն 95 թվականին՝ առաջին անգամ արտոնելով «պուզատիների» մուտքը խորհրդարան», - հիշեցնում է խմբագիրը: Մի խոսքով, հիմա իշխանությունը հնարավորություն ունի վերջնականապես ջախջախել այլախոհության ցանկացած օջախ: «Բայց», - զգուշացվում է «Առավոտ»-ում, - «Ոչնչացնելով այդ ընդդիմությունը, իշխանությունը տեղ է բացելու ոչ համակարգային տարրերի համար՝ ծայրահեղական, կիսախելագար, դրսի կենտրոններից ղեկավարվող»: Ընդդիմությանն էլ խմբագիրը խորհուրդ է տալիս. - «Քանի որ մոտ ժամանակներս չկա իշխանության գալու որեւէ հույս, այդ ժամանակը կարելի է օգտագործել գաղափարներ մշակելու եւ բյուրեղացնելու համար: Ընդ որում, այդ գաղափարները կարող են լինել հնարավորինս ոչ ամբոխահաճո: Ասենք՝ որ Ղարաբաղի հարցում մենք չենք կարող ղեկավարվել «ոչ մի թիզ թշնամուն» կարգախոսով, որ խորհրդային դրամարկղերում մնացած, ինչպես նաեւ հետխորհրդային «վառված» բանկերի ավանդները երբեք չեն վճարվելու: Այդ ամենը, ըստ խմբագրի, ճշմարտություն է, որը եթե ոչ այսօր, ապա վաղը ակներեւ կդառնա մեր քաղաքացիների մեծամասնության համար: «Ընդդիմությունը կարող է իրեն շքեղություն թույլ տալ՝ ասելու ճշմարտությունը, քանի որ չկա անհրաժեշտություն վազելու ընտրողների ձայների հետեւից»:

«Հեյ գիտի, աշխարհ» վերնագրի տակ «Օր» թերթը որակում է. 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո ղեկավար դիրքերում հայտնվեցին մարդիկ, ովքեր մինչ այդ նույնիսկ չէին կարող երազել այդ պաշտոնների մասին: «Ինչ-ինչ, բայց հոկտեմբերի 27-ից հետո ո՞ւմ մտքով կարող էր անցնել, թե Հայաստանի վարչապետ դառնալու է... Անդրանիկ Մարգարյանը», - իր հայացքով առավել արտառոցն է առանձնացնում «Օր»-ը՝ ներկայիս ընթացքից էլ նախանշելով. - «Հոկտեմբերի 20-ի ընտրություններում Հանրապետական կուսակցության շռնդալից հաջողությունից հետո Անդրանիկ Մարգարյանը եւ նրա կուսակիցները Ռոբերտ Քոչարյանին նախագահական ընտրություններում աջակցելու համար առավել լուրջ պահանջներ կներկայացնեն: Եվ արդեն կարելի է չզարմանալ, եթե նախագահը բավարարի այդ պահանջները»:

«Մենք նախագահ Քոչարյանին կարող ենք ասել այն, ինչ ուզում ենք», - երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրապետական կուսակցության եւ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Սա ընկալելով որպես սպառնալիք-հայտարարություն, «Ազգ» թերթի մեկնաբանը նշում է. - «Պրն Թորոսյանը նման հայտարարություն անելու հիմքեր, առավել եւս՝ իրավունք, անշուշտ, ունի... Ախորժակը բացվում է ուտելիս՝ անգամ քաղաքականության մեջ։ Անբնականը հանրապետականների՝ ժողովրդի մեջ ունեցած վարկանիշի եւ իշխանական լծակների տիրապետելու անհամաչափությունն է», - շեշտված է «Ազգ»-ում: - «Սոցիոլոգիական ցանկացած ուսումնասիրություն հուշում է, որ ՀՀԿ-ն ունի ցածր վարկանիշ, կուսակցության առաջնորդները՝ Անդրանիկ Մարգարյանը, Տիգրան Թորոսյանը, Գալուստ Սահակյանը, մյուս հանրապետականները համընդհանուր ժողովրդայնություն չեն վայելում»։ «Ազգ»-ի բնորոշմամբ, Հայաստանում շատերին անհայտ այս կուսակցության հաջողությունը պայմանավորված է իշխանական ու ֆինանսական լծակների համատարած կիրառմամբ:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG