Մատչելիության հղումներ

Ընտրապայքարը ավարտվեց. վաղը քվեարկությունն է


Վաղը Հայաստանի 654 համայնքի 1766 ընտրատեղամասերում կքվեարկվեն 1318 թեկնածուներ՝ համայնքի ղեկավար ընտրվելու համար: Առաջադրման օրվանից ինքաբացարկ է հայտարարել 53 թեկնածու:

Այս անգամ ընտրապայքարը ժամանակից շուտ սկսվեց եւ, ընդհանուր առմամբ, լարվածությունը շատ ավելի մեծ էր, քան նախկինում: Թերեւս պատճառը առաջիկայում անցկացվելիք համապետական ընտրություներն են, եւ վաղվա քվեարկության արդյունքները համարվում են դրանց փորձաքարը:

Որոշ միջադեպեր տարբեր ընտրատարածքներում արձանագրվեցին: Հատկապես եռուն է պայքարը քաղաքապետի պաշտոնի համար, իսկ այդպիսի 32 համայնք կա: Կապանում, Սիսինաում եւ Բյուրեղավանում մրցապայքարը դուրս էր եկել քաղաքակիրթ շրջանակներից ու թեեւ միջադեպերից տուժողներ չեղան, բայց հասարակական ուշադրությունը բեւեռվեց արձանագրված դեպքերի վրա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Արտակ Սահրադյանի փոխանցմամբ, կատարվածի վերաբերյալ մեկնաբանությունները չափազանցված են: Վկայակոչելով իրավապահ մարմինների հետաքննության արդյունքները, Սահրադյանը ասաց, որ այդ դեպքերից եւ ոչ մեկը ընտրապայքարի հետ կապ չի ունեցել:

Ըստ Սահրադյանի, ապացուցված չեն նաեւ ընտրակաշառքի բաժանման դեպքերը: Այստեղ, թերեւս, տեղին է նշել, որ ընտրակաշառքները սովորաբար բաժանվում են հենց քվեարկության օրը:

«Փաստորեն մենք այսօր լուրջ միջադեպեր, որոնք կապված են Հայաստանի Հանրապետության 654 համայնքում տեղի ունենալիք ընտրությունների հետ, չունենք», - ասաց ԿԸՀ նախագահը:

Հաջորդ դժգոհությունը, որ մինչեւ օրս բողոքավոր թեկնածուները բարձրաձայնել են, վերաբերում է ընտրացուցակներին, որոնք, ըստ որոշ մեկնաբանությունների, ուռճացված են հանրապետությունից տարիներ շարունակ բացակայող քաղաքացիների անուններով: «Ես կարծում եմ, որ մենք կունենանք այսօր 90 տոկոսին մոտ ընտրացուցակներ, եթե ոչ ավելի բարձր ճշգրտության», - չհամաձայնելով ասաց Արտակ Սահրադյանը:

Սակայն թյուրիմացություններ կամ օրինախախտումներ կարող են լինել ոչ միայն հազարավոր մարդկանց ցուցակերում, այլ նույնիսկ քվեաթերթիկում, որտեղ գրանցված են միայն թեկնածուների անունները: Որոշ ընտրատարածքներում, օրինակ, քվեաթերթիկները տպագրվել են ոչ միայն թեկնածուների անունների տառասխալներով, ինչը կարող է թյուրիմացության մեջ գցել ընտրողին, այլ նաեւ այբբենական հերթականության խախտմամբ, ինչը օրենքի պահանջի խախտում է:

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով բողոքով դիմել էին Նոր Նորքի ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամներ ՀՅԴ (Հայ հեղափոխական դաշնակցություն) ներկայացուցիչ Հակոբ Սարգսյանն ու ՀԺԱՄ (Հայաստանի ժողովրդավարական ազգային միություն) կուսակցության անդամ Արմեն Սերոբյանը: Ավագանու ընտրության քվեաթերթիկում արձանագրված այբբենական խախտման դեպքը Հակոբ Սարգսյանը, օրինակ, համարում է էական խախտում է եւ գտնում է, որ այն կատարվել է հատուկ դիտավորությամբ:

Նոր Նորքի ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գուրգեն Խաչատրյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, ասաց, թե խնդիրը քննարկվել է հանձնաժողովի նիստում, եւ գտել են, որ դա պատահականության արդյունք է: Նրա խոսերով, քվեաթերթիկի նմուշը հոկտեմբերի 12-ից փակցված է եղել ընտրատարածքում, եւ խախտումը ոչ ոք չի նկատել. այն բացահայտվել է միայն երեկ, երբ մոտ 31 հազար քվեաթերթիկները արդեն տպագրված էին: Սա օրենքի խախտում է, սակայն այն շտկելու մտադրություն հանձնաժողովը, կարծես թե, չունի, քանի որ «ծախսերը շատ մեծ են»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG