Մատչելիության հղումներ

Բորիս Ելցինը պաշտպանում է Քոչարյանի թեկնածությունը





Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը կարծես թե վերջ տվեց Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվել-չառաջադրվելու մասին խոսակցություններին: Այսօր նա հայտարարեց, թե Հայաստանի նախկին նախագահը երեքշաբթի օրը ասել է իրեն, որ չի առաջադրվելու գալիք տարվա փետրվարի նախագահական ընտրություններում: Ելցինը նաեւ հրապարակայնորեն պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:

Պատասխանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր հանդիպմանը վերաբերող հարցին, Ռուսաստանի նախկին նախագահը ասաց. - «Մենք քաղաքականության մասին չենք խոսել: Նա [Տեր-Պետրոսյանը] իր նախաձեռնությամբ ասաց, որ չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում: Ես հասկանում եմ նրա դիրքորոշումը»:

«Ես աջակցում եմ այն մարդուն, ով անժանի է երկրորդ ժամկետով նախագահ լինել: Դա Ռոբերտ Սեդրակովիչն է», - Քոչարյանի ներկայությամբ ասաց Բորիս Ելցինը այսօր հրավիրած ասուլիսում:

Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններում հնարավոր առաջադրման մասին խոսակցությունները սկսվելուց ի վեր, սա առաջին դեպքն է, երբ ինքը՝ Հայաստանի նախկին նախագահը, Ռուսաստանի նախկին նախագահի մեջբերմամբ, խոսում է իր ապագա ծրագրերի մասին:

71-ամյա Բորիս Ելցինը ավարտում է իր ոչ պաշտոնական այցը Հայաստան, որի ընթացքում շատ ժամանակ է անցկացրել Ռոբերտ Քոչարյանի հետ: Վաղը Ռուսաստանի նախկին նախագահը կմեկնի Մոսկվա:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG