Այսօր Երեւանում բացված ԱՊՀ (Անկախ պետությունների համագործակցություն) անդամ պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստի շրջանակներում Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանապահ ծառայության ղեկավարները ստորագրեցին երկկողմ համագործակցության վերաբերյալ արձանագրություն:
Արձանագրությունը ռուսաստանյան կողմից ստորագրեց Ռուսաստանի դաշնային սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկին, Վրաստանի կողմից՝ պետական սահմանի պաշտպանության դեպարտամենտի նախագահ, սահմանապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վալերի Չխեիձեն:
Փաստաթղթի ստորագրման արարողությունից անմիջապես հետո Կոնստանտին Տոցկին լրագրողներին նախ ասաց, որ արձանագրությունը ստորագրվել է Քիշնեւում այս ամսվա սկզբին կայացած ԱՊՀ գագաթաժողովում Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների միջեւ ձեռք բերված համաձայնության հիման վրա: Նրա խոսքերով, փաստաթղթում խոսք է գնում ոչ միայն ռուս-վրացական համատեղ պարեկության մասին. համատեղ պարեկությունը սահմանի պաշտպանության տարրերից մեկն է միայն: Տոցկին շեշտեց երկու կողմերի սահմանային ուղեկալների միջեւ ուղիղ կապի հաստատումը: Նախատեսվում են նաեւ տեղեկատվության փոխանակում գրոհայիների եւ առհասարակ կասկածելի մարդկանց կուտակումների, տեղաշարժերի մասին, օպերատիվ խմբերի ներկայացուցիչների հանդիպումներ:
«Ես հույս ունեմ, որ համատեղ միջոցառումներով մեզ կհաջողվի կարգ ու կանոն հաստատել սահմանի համատեղ հատվածում եւ թույլ չտալ այնպիսի միջադեպեր, որոնք, ցավոք, կային անցյալ եւ այս տարվա ընթացքում», - ասաց Կոնստանտին Տոցկին:
Վրաստանի սահմանապահ ուժերի հրամանատար Վալերի Չխեիձեի խոսքերով, ստորագրված արձանագրությունում «ամենահիմականը վստահության գործոնի վերականգնումն է»: Երկկողմ պատասխանատվությունը, ըստ նրա, կօժանդակի համագործակցությանն ու համատեղ աշխատանքին:
«Ինձ համար բոլորովին նշանակություն չունի, թե ինչ գույն, ինչ ազգություն ունի սահմանախախտը», - ասաց նա: - «Սահմանախախտը պետք է ձերբակալվի, իսկ դիմադրություն ցույց տալու դեպքում՝ ոչնչացվի»:
Չխեիձեն ընդգծեց անցակետերի միջեւ տեղեկատվության փոխանակումը, քանի որ սահմանախախտները օգտագործում են օրինական փաստաթղթեր, ունենում են մի քանի անձնագիր, եւ առանց նախնական տեղեկատվության տիրապետելու շատ դժվար է նրանց բռնելը:
Երեւանում երկկողմ արձանագրություն ստորագրվեց նաեւ Ռուսաստանի եւ Տաջիկստանի միջեւ: Ըստ այդմ՝ Տաջիկստանի եւ Չինաստանի միջեւ սահմանի պաշտպանությունը մոտ օրերս Ռուսաստանից կանցնի Տաջիկստանին:
Երեւանյան նիստում, որին չեն մասնակցում միայն Թուրքմենիայի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչները, քննարկվել են մասնակից երկրների սահմանների պաշտպանության վիճակին, ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը, ռազմատեխնիկական ծրագրերի իրականացմանը վերաբերող այլ հարցեր:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Կոնստանտին Տոցկին ասաց, որ Հայաստանի սահմանների պաշտպանության հարցում փոփոխությունների կարիք չկա: «Մեր հայ գործընկերների հետ գնահատել ենք իրավիճակը եւ որոշել ենք պահպանել այս մակարդակը», -ասաց նա: - «Սահմանի պաշտպանությունը ուժեղացնելու կամ թուլացնելու անհրաժեշտություն չկա»:
Նիստի մասնակիցներին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Վաղը նախատեսված են երկկողմ հանդիպումներ:
Հրաչ Մելքումյան, Երեւան