Մատչելիության հղումներ

Տեղական ընտրություններում իշխանամետ ուժերը չեն համագործակցում


Առաջիկա կիրակի կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ո'չ ընդդիմադիր եւ ո'չ էլ իշխանամետ ուժերը չկարողացան համախմբվել:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) պաշոտնապես թեկնածուներ է առաջադրել է 215 համայնքներում, սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց կուսակցության շտաբի պետ Սամվել Նիկոյանը, գրեթե բոլոր համայնքներում կան անկուսակցական թեկնածուներ, որոնք արժանի են ընտրվելու եւ իրենց կուսակցությունը աջակցելու է նրանց:

Դաշնակցությունը որոշ համայնքներում մրցակցում է ՀՀԿ-ի հետ, եւ համագործակցության որեւէ եզր չի գտնվել: «Այս ընտրություններում իշխանամետ ուժերը բլոկ չեն կազմել եւ քիչ էլ հավանական է, որ կազմեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ ավելացնելով. - «Իշխանամետը շատ պայմանական է մեր ժամանակներում»:

«Կառավարությունը մաս կազմող որեւէ կուսակցության հետ Դաշնակցության համագործակցությունը կարող է լինել ինչպես հավասարը հավասարի հետ», - շարունակեց Հովհաննիսյանը: - «Գաղտնիք չէ, որ Դաշնակցության համագործակցության հիմնական սուբյեկտը Հայաստանի կառավարման համակարգում դա նախագահն է, այլ ոչ թե կառավարությունը»:

Թերեւս ծավալված անհավասար պայքարն է, որ Հովհաննիսյանին ստիպեց հիշեցնել որոշ իրողություններ. - «Կան կուսակցություններ, որոնք իրենց համարում են իշխանության կուսակցություն, որոնք համարում են իրենց հիմնական իշխանությունը կազմող կուսակցություն՝ չունենալով այդ իրավունքը: Անշուշտ, խոսում եմ Հանրապետականի մասին, որը փորձում է առնվազն իրեն ժառանգորդ հայտարարել ամբողջ «Միասնություն»-ից մնացած ժառանգությանը»:

Բոլորովին այլ է Սամվել Նիկոյանի կարծիքը, ըստ որի, կազմակերպչական լուրջ գործունեության շնորհիվ ՀՀԿ-ն այսօր գրավում է այնպիսի դիրք, որ կարող է հավակնել հաղթանակի: «Ես հավատում եմ, որ այս ընտրություններից հետո ավելին ենք ունենալու քան 1999 թվականի ընտրություններից հետո», - ասաց նա՝ ավելացնելով, թե նորմալ երեւույթ է համարում, որ նախագահին սատարող որեւէ այլ ուժի հետ այս ընտրություններում իր կուսակցությունը չի համագործակցում: Նիկոյանը չի համարում, թե այսպիսի մրցակցությամբ իշխանական թեւում կարող են սրվել հակասությունները:

Դաշնակցությունը, ամեն դեպքում, ուշադրությամբ հետեւելու է ընտրությունների ընթացքին: «Ուշադրության կենտրոնում կպահենք տեղական ընտրությունները, որովհետեւ դրանք լակմուսի թղթի պես ցույց կտան մեզ այսօր վաղվա հիմնական երկու ընտրություններում հնարավոր խախտումները», - աաց Վահան Հովհաննիսյանը:

Ընդդիմադիր թեւը, որը, որոշ գնահատականներով, պասսիվ է այս՝ ապագայի համար կարեւոր նշանակություն ունեցող ընտրություններին, արդեն կարծիքներ է հայտնում դրանց վերաբերյալ: «Ընդդիմությունը այս ընտրություններում չի կարող մրցակցել այն թեկնածուների հետ, որոնք գնում են ընտրությունների՝ ունենալով շատ մեծ ֆինանսական հնարավորություններ, ազդեցության լծակներ եւ իշխանության աջակցությունը», - ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Ալբերտ Բազեյանը:

«Խայտառակ արդեն իսկ կեղծիքներ են կատարված: Համընդհանուր», - գնահատեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

Իս իրենց պասսիվությունն ընդդիմադիրները պայմանավորում են գաղտնապահությամբ: «Մենք ունենք հարյուրավոր թեկնածուներ, բայց բավական է, որ Արտաշես Գեղամյանը այսօր հայտարարի եւ հրապարակի նրանց ազգանունները, ապա, համոզված եղեք, ամբողջ իշխանական մեքենան կսկսի հետապնդումներ, ճնշումներ», - ասաց «Ազգային միաբանության» առաջնորդը:

Նույն մտահոգությունն արտահայտեց Ալբերտ Բազեյանը՝ առանց մանրամասնելու ասելով ընդամենը. - «Կարող եմ ասել, որ մի քանի տասնյակ համայնքներում մեր կուսակցության կողմից առաջադրված են թեկնածուներ»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG