Մատչելիության հղումներ

Կոմունիստները ձգտելու են հաջողության հասնել տեղական ընտրություններում


ՀԿԿ (Հայաստանի կոմունիստական կուսակցություն) ներկայացուցիչները ակտիվորեն պայքարելու են առաջիկա կիրակի կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաջողության հասնելու համար: Կոմունիստները առաջադրել են քաղաքապետերի, գյուղապետերի եւ ավագանու անդամների թեկնածուներ:

«Վանաձորում եւ Վարդենիսում առաջադրել ենք քաղաքապետի թեկնածուներ», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԿԿ առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը: - «Եվ պայքարելու ենք, որպեսզի հաջողություններ ունենանք այս ընտրություններում»:

Դարբինյանի տեղեկացմամբ, իրենք առաջադրել են ավելի քան հարյուր գյուղապետերի եւ շուրջ երեք հարյուր ավագանու անդամների թեկնածուներ:

Դարբինյանը անցած շաբաթ Մոսկվայում մասնակցել է 11 կոմումիստական կուսակցությունների միության խորհրդի նիստին: Միության կազմում ընդգրկված են նախկին խորհրդային հանրապետությունների կոմկուսները՝ բացառությամբ միջինասիական մի քանի երկրների եւ Էստոնիայի: Նիստում, Դարբինյանի փոխանցմամբ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաեւ Ռուսաստան - Բելառուս միության ձեւավորման հեռանկարները: Որոշվել է, որ նիստի մասնակիցները իրենց երկրներում զանգվածային միջոցառումներ պիտի կազմակերպեն՝ ճնշում գործադրելով իշխանությունների վրա, որպեսզի այդ միությունը կայանա:

Վլադիմիր Դարբինյանը այդ միությունը պատկերացնում է բացառապես որպես «հավասարների, իրավահավասար ժողովուրդների միություն», մանավանդ որ, իր խոսքերով, Ռուսաստանի որոշ վայրերում «ինչ-որ չափով խաթարվել են հայ-ռուսական հարաբերությունները»: Նա Մոսկվայում հայտարարել է, թե այդ հանգամանքը Հայաստանում օգտագործվում է որոշ արեւմտամետ ուժերի կողմից, հետեւաբար Ռուսաստանի կոմկուսը պետք է փորձի միջամտել, որպեսզի տեղ գտած թերությունները չխորանան:

«Կոմունիստ նահանգապետերին փաստորեն հանձնարարվեց, որ լուրջ կերպով նայեն այդ հարցին, թույլ չտան, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները խաթարվեն», - ասաց Վլադիմիր Դարբինյանը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG