Մատչելիության հղումներ

Երեւանցիները նշում են քաղաքի 2784-ամյակը


Հայաստանի մայրաքաղաքը այսօր նշում է իր ծննդյան 2784-րդ տարեդարձը: Էրեբունի հրապարակում թատերականացված միջոցառում են կազմակերպվում, Հանրապետության հրապարակում՝ բերք ու բարիքի տոն, տոնական համերգ ու հրավառություն:

Տոնակատարությունների պատասխանատուներից Երեւանի փոխքաղաքապետ Ֆիրդուս Զաքարյանը վստահեցնում է, որ մինչեւ ուշ գիշեր շարունակվելիք համերգին կհետեւի «անկրկնելի հրավառություն»:

Քաղաքի ղեկավարները որոշել են Երեւանի ծննդյան օրվա առթիվ անակնկալ մատուցել. Երեւանի քաղաքապետը, թաղապետերն ու մայրաքաղաքի 63 պատվավոր քաղաքացիները որոշել են ուղերձ են հղել 2018 թվականի Երեւանի քաղաքացիներին, երբ մայրաքաղաքը կդառնա 2800 տարեկան: Ուղերձը կդրվի ճամպրուկի մեջ, որի բանալին կհանձնվի Երեւանի պատմության թանգարանին, իսկ ճամպրուկը կպահվի Էրեբունի թանգարանում: «Ճամպրուկը կբացվի 16 տարի տարի անց դարձյալ Էրեբունու հրապարակում», - ասաց փոխքաղաքապետը: - «Այն ժամանակ կլինեն նոր իշխանավորներ, նոր պատվավոր քաղաքացիներ: Մենք նաեւ խնդրելու ենք, որ նրանք էլ գալիք սերնդին այդպիսի ուղերձ հղեն»:

Ֆիրդուս Զաքարյանի փոխանցմամբ, 2002 թվականի անկախ Հայաստանի քաղաքացիները գալիք սերնդին են փոխանցելու օրվա տրամադրություններն ու մաղթանքները, որ «Երեւանի երկինքը միշտ լինի անամպ, Երեւանի սիրուն աղջկա ժպիտը միշտ փողփողա»:

Շարքային երեւանցիները նույնպես մաղթանքներ ունեն գալիք սերնդին: «2018 թվականի Երեւանին կմաղթեի, որ բարգավաճած լիներ, բոլոր կամ գրեթե բոլոր երեւանցիները վերադառնային իրենց հայրենիքը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ճարտարագիտական համալսարանի առաջին կուրսի ուսանող Արմեն Վարդանյանը, որն առաջին անգամ է մասնակցում տոնակատարություններին:

«Երեւանի ապագան կուզեի ավելի պայծառ լիներ, երեւանցիներն էլ ավելի ուրախ լինեին, այսպիսի դժգոհ դեմքեր չլինեին», - ասաց մի երիտասարդ կին:

Իսկ 11-ամյա Զարուհու մաղթանքն այսպիսին է. - «Ես կուզեի, որ Երեւանում բոլոր մարդիկ առողջ լինեին, եւ աղքատ մարդիկ չլինեին»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG