Մատչելիության հղումներ

Ատոմակայանում «բունտ» չի եղել


Մեծամորի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը պաշտոնապես հերքեց հայաստանյան թերթերից մեկի՝ այսօր տարածած լուրը, իբր ատոմակայանի բազմահազարանոց կոլեկտիվը «բունտ» է անում ու պահանջում վճարել չորս-հինգ ամսվա չվճարված աշխատավարձը։

«Տասը հոգի մարդ հերթափոխը հանձնելուց հետո մնացել են, որոնք հետ մի քանի ժամ խոսել ենք, եւ էդ մարդիկ ժամ 9-ին արդեն տանն են եղել», - «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով ասաց ատոմակայանի տնօրենը՝ կտրականապես հերքելով, թե բողոքավորների թիվը հասել է 500-ի:

Անցյալ տարվա ընթացքում էլ ատոմակայանի կոլեկտիվը նույն դրդապատճառներով սպառնաց գործադուլ անել եւ հասավ այն բանին, որ մի քանի ամսվա աշխատավարձի պարտքերը մի մասը մարվեց: Ատոմակայանի ղեկավարությունը չի ցանկանում, որ իրավիճակը կրկնվի եւ շտապ փող է ճարել ու վճարում է ամռան ամիսների աշխատավարձը:

«Հենց այսօր ատոմակայանի կոլեկտիվը ստանում է հունիս ամսվա աշխատավարձը», - ասաց Մարկոսյանը: - «Երկու ամսվա, ցավոք սրտի, այսօր դեռ ունենք պարտքեր՝ դեռ անցյալ տարվանից կուտակված»:

Պատասխանելով ատոմակայանի՝ հոկտեմբերի 11-ին ծրագրված աշխատանքի դադարեցմանը՝ պլանային նորոգման ու վերալիցքավորման նպատակով, Գագիկ Մարկոսյանը ասաց. - «Հայտը տրված է, բայց, ելնելով համակարգի վիճակից, ռեժիմներից, տնտեսական նպատակահարմարությունից, կարող է դա տեղի ունենա ոչ թե 11-ին, այլ մի քանի ուշ»:

Ատոմակայանի ֆինանսական կացությունը մնում է լարված ոչ միայն աշխատավարձերի, այլեւ միջուկային վառելիքի գնման առումով։ Պատճառն այն է, որ «Հայէներգո»-ն չի վճարում կայանից ստացած ու բաշխիչ ցանցին վաճառած հոսանքի դիմաց։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG