Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Թերթերը միայն այսօր հնարավորություն ունեն խոսք ասելու «Ազգային միաբանություն» կուսակցության շաբաթօրյա համագումարի մասին, եւ կատարելով իրենց այդ պարտքը փաստորեն միաձայն հանդես են գալիս վերապահ ու քննադատական արձագանքներով: «Գեղամյանը համագումար ներմուծեց մամուլի տեսության ժանրը, այրում է «16»-ի հետ կամուրջները, «Ազգային միաբանություն»-ում վերականգնվում է անձի պաշտամունքը». «Հայաստանի Հանրապետություն» թերթում տրված այս դիտարկումները համահունչ են մասնավորապես «Առավոտ»-ի մեկնաբանի շեշտադրումներին: «Ելույթ ունեցող բոլոր կուսակցականները կարծես մրցում էին իրար հետ, թե ով ավելի թունդ կգովի առաջնորդին», - նշում է վերջինս՝ փոխանցելով եւ Արտաշես Գեղամյանի հետեւյալ արձագանքը իր տարակույսին. - «Երբ մեր կուսակիցները տեսնում են, թե հանրապետության նախագահը, որ երկու էջից բաղկացած ծրագիր է ունեցել, եւ նրան բոլոր հնարավոր միջոցներով գովերգում են թե՛ հանրային հեռուստատեսությունը, թե՛ իշխանական լրատվամիջոցները, իրենց մոտ ըմբոստություն, ընդվզում է արթնանում. եթե այս դատարկությունը կարելի է այդքան գովերգել՝ ապա մեր ծրագիրը եւ դրա հեղինակին ինչպե՞ս չգովերգել»: «Ազգ» թերթի արձանագրմամբ, Գեղամյանը ընդդիմադիր միավորման միջի ականն է, եւ ի սկզբանե պարզ էր, որ այս համագումարը առանցքային է լինելու «16»-ի միասնականության իմիտացիան գաղտնազերծելու առումով: Մեկ այլ դիտանկյունից «Օրրան» թերթում էլ ընդգծվում է, որ «Ազգային միաբանության» համագումարը մեկ անգամ եւս հաստատեց այն միտքը, որ ասպարեզ են մտնում քաղաքական նոր տիպի նախագահացուներ. «Հեգեմոն ուժն այլեւս զանգվածն է, եւ զանգվածի գիտակները դա շատ լավ են հասկանում»: «Օր» թերթի վերլուծաբանի հայացքով էլ, չորս տարի առաջվա իր ոչնչով չառանձնացող մեկ տոկոսից պակաս ցուցանիշը Գեղամյանը ժամանակի ընթացքում ավելացնում է միայն պոպուլիզմի մեծ մասնաբաժին պարունակող ելույթներով: Միեւնույն ժամանակ՝ «Միշտ միայնակ արդյունքի հասնելու փորձը կարող է ճակատագրական դառնալ նրա համար: Այս գործչի շուրջ երբեք թիմ չի եղել. թույլ կուսակցություն, մշտական վեճեր խմբակցության ներսում, դաշինքների կանոններին չենթարկվելու կեցվածք: Այսպիսին է Գեղամյանը: Կարո՞ղ է նա, արդյոք, դառնալ միասնական թեկնածու: Քիչ հավանական է: Նրա գործելակերպը լրիվ հակառակ արձագանքների է բերում»:

«Հայկական ժամանակ» թերթը փոխանցում է, թե ընդդիմադիր «16»-ի համագործակցությունը որոշել է ոչ եւս անել հոկտեմբերի 18-ին եւ դրանից հետո հանրահավաք անցկացնելու իր իսկ որոշումը: «Մենք կրկին հակված ենք կարծել, որ տրամադրությունների նման փոփոխությունը կապված է Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունների հետ», - իր նախորդ վերլուծության մեջ է տեղավորում «Հայկական ժամանակ»-ը: - «Հայաստանի իշխանությունները հերթական անգամ գնացել են «խաչի դուռը», ինչը նշանակում է, որ Հայաստանի ռուսական ընդդիմությունը կարող է առժամանակ հանգստանալ»:

Հղում անելով վերջին մի քանի հարցախույզերի, «Իրավունք»-ի մեկնաբանն այսօր սահմանել է. «Ռոբերտ Քոչարյանն իր բոլոր ռեսուրսներն օգտագործելով հանդերձ՝ կարող է հավաքել 39 տոկոսից ոչ ավելի, իսկ ընդդիմադիր դաշտում ամենաարդյունավետները ռուսամետ աշխարհաքաղաքական կողմնորոշում ունեցող դաշինքներն են»: Այս ընթացքով, մեկնաբանի պատկերմամբ, «գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, որ նախագահական ընտրություններում երկրորդ փուլն անխուսափելի է: Իսկ երկրորդ փուլի դեպքում ե'ւ վարչական ռեսուրսը, ե'ւ օլիգարխները «կես ուժով» կօժանդակեն գործող նախագահին: Եվ եթե ընդդիմությունը մինչեւ փետրվարի 19-ը իրար չհոշոտի ու խելամտություն ունենա պաշտպանել այն թեկնածուին, ում շանսերն առավելագույնն են, ապա իշխանափոխությունը անխուսափելի է»: «Դրա դեմն առնելու թերեւս ամենաարդյունավետ միջոցը որեւէ պատրվակով երկրում արտակարգ դրություն մտցնելն է ու բոլորի հարցը դրա քողի տակ ուժով լուծելը», - ենթադրում է «Իրավունք»-ի մեկնաբանը՝ այս առումով շաղկապելով. - «Համայնքապետական ընտրարշավի ապակուսակցականացումը եւ քրեականացումը հասել է այնպիսի աստիճանի, որ այս գործընթացը չեն կարող վերահսկել ոչ միայն ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիր»-ը, այլեւ վարչապետական ու նախարարական լծակներ ունեցող Հանրապետական կուսակցությունը, որը երկու տարի շարունակ հսկայական միջոցներ է ներդրել կողմնակիցների ցանց ստեղծելու համար: Դա նշանակում է, որ ենթադրաբար հենց վերին իշխանության հովանավորությամբ լիովին բաց են թողնվել կրիմինալ կապիտալի սանձերը ու վերջինիս տրվել է «քարտ-բլանշ»: Քննարկվում է այն վարկածը, թե երկրի նախագահը միտումնավոր նպաստում է ապակայունացմանը եւ քրեականացված ընտրարշավներին, որպեսզի ապագա փոխհրաձգություններն օգտագործի որպես առիթ երկրում արտակարգ դրություն մտցնելու եւ դրա քողածածկույթի տակ բոլոր հարցերը լուծելու ինչպես այդպես էլ հենարան չդարձած իշխանամետ կուսակցությունների եւ օլիգարխների, այնպես էլ ընդդիմության պարագայում»:

«Հայոց Աշխարհ» թերթը «Լոգոս» հետազոտական կենտրոնի օրերս ներկայացրած սոցհարցման արդյունքների հետքերով, իր հերթին, շեշտադրել է. «Թվերը վկայում են, որ ներկա դրությամբ կա նախագահի միայն մեկ իրական թեկնածու՝ Ռոբերտ Քոչարյանը», որը, ըստ թեկնածուների օգտին տրված ձայների տոկոսի, Երեւանում արձանագրել է մոտ 40 տոկոս ցուցանիշ: Ակնհայտ է նաեւ, որ վերջինս մայրաքաղաքից հեռանալուն զուգընթաց աճելու միտում ունի»: «Հայոց Աշխարհ»-ի հաշվարկներով, ընդդիմադիր թեկնածուների ձայների ցանկացած փոխլրացման տարբերակում միասնական թեկնածուն առանձնապես մեծ առաջընթաց չի ունենա: Ըստ այդմ ակնհայտ է դառնում եւ, որ երկրորդ փուլի կարիք չի զգացվելու: «Ո՞րն է նախագահի վարկանիշի նման կայունության ու ամրության գաղտնիքը», - հարց է դրել մեկնաբանն ու բխեցրել. - «Պատասխանը միանշանակ է՝ ժողովուրդը այլընտրանք չի տեսնում... Չի տեսնում, որովհետեւ առնվազն վերջին տասնամյակում առաջին անգամ լսել է շինարարի մուրճի ձայնը, տեսել է, որ կա մեկը, որն ինչ-որ բան անում է, իսկ նրա դիմաց կանգնած են մարդիկ, որոնք որեւէ բան ո'չ արել են եւ ո'չ էլ հայտնի է՝ կանե՞ն, եթե վաղը իշխանություն դառնան»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG