Մատչելիության հղումներ

«Ա1+»-ի հայցը Եվրոդատարանում կլսվի լավագույն դեպքում երկու տարուց





Հայաստանը դեռ չունի իր ներկայացուցիչը Եվրոպական դատանում, որոշված չէ այն ընտրյալ դատավորի անունը, որը մնացած 41 երկրների դատավորների հետ պետք է Ստարսբուրգում արդարադատություն իրականացնի: Այսինքն, եթե անգամ Եվրոդատարանը Հայաստանից որեւէ գործ ընդունի, միեւնույն է, առայժմ այն քննել չի կարող:

Այնուամենայնիվ հոկտեմբերի 5-ին «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Ա1+»-ի ներկայացուցիչները դատարանի նախագահ պարոն Վայլդհաբերի հետ այսօրվա հանդիպման ժամանակ փորձեցին պարզել, թե որքան ժամանակ կպահանջվի գործը Եվրոպական դատարանում լսելու համար:

Դատարանի նախագահի խոսքերով, եթե դիմողը հատուկ նշի, որ գործը հրատապ է, եւ դատարան էլ որոշի ընդունել այն, միեւնույն է, պետք չէ ակնկալել, թե գործը երկու տարուց ավելի շուտ կարող է լսվել: Պատճառն այն է, որ դատարանը պարտավոր է լսել բոլոր կողմերին, մանրամասն ուսումնասիրել փաստերը, երկրի օրենսդրությունը եւ այլն:

Բացի այդ, դժվար թե «Ա1+»-ի հայցը հրատապ դիտվի, քանի որ այդպիսին են համարվում առաջին հերթին այն գործերը, որոնք վերաբերում են բռնություններին կամ անձի կյանքին սպառնացող վտանգին: Ուստի անհրաժեշտ են նաեւ հիմնավոր ապացույցներ ու փաստեր, որոնք կվկայեն, որ դատաքննության ուշացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ:

Այսօր պարոն Վայլդհաբերը անդրադառնալով Եվրոպական դատարանում լսվող գործերի քանակին, նշեց, որ միայն անցյալ տարի 32 հազար գործ են ստացել, որից ընդամենը 14 հազարն են ընդունել վարույթի: Այսօր արդեն կանխատեսում են, որ մինչեւ 2004 թվականը տարեկան 20 հազար գործ կունենան դատարանի վարույթում: Այսպիսով, Եվրոպական դատարանը գերծանրաբեռնված է:

Ընդունելով հանդիպման ժամանակ իրենց հասցեին հնչած քննադատությունը՝ Եվրոպական դատարանի նախագահն ասաց, որ իսկապես ստացվող գործերի թիվը սպասվածից շատ է, եւ երբեմն իրենք էլ որոշ գործերով խախտում են սահմանված ժամկետները: Այդ հարցը լուծել, իհարկե, հնարավոր չէ, բայց կարելի է ինչ-որ դրույթով անդամ երկրների կառավարություններին տույժի ենթարկել՝ Եվրոպական դատարանին բավարար միջոցներ չտրամադրելու համար, ասաց դատարանի նախագահը:



Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG