Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Քիշնեւում





Հոկտեմբերի 7-ին Մոլդովայում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում հիմնականում առանձնանալու են ռուս-վրացական լարված հարաբերությունների եւ Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունների հարցերը: Նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը:


Միջնորդների տարածաշրջան կատարած վերջին այցելությունը Հայաստանի եւ Ղարաբաղի համար անցավ առանց անակնկալների: Բայց Ադրբեջանում Հեյդար Ալիեւը հերթական անակնկալը մատուցեց՝ որոշ մանրամասներ բացելով Ռոբերտ Քոչարյանի հետ օգոստոսի 14-ին Սադարակում տեղի ունեցած հանդիպումից:


Ալիեւի խոսքերով. «Արդեն քանի տարի է Հայաստանը բողոքում է, որ շրջափակման մեջ է: Մենք առաջարկում ենք գրավյալ շրջաններից 4-ի դիմաց բացել Բաքու-Երեւան երկաթգիծը, բայց Հայաստանի նախագահն ասում է, թե երկաթգծի վերաբացումը մեզ պետք չէ»:

Այս հայտարարությունը «Ազատություն» ռադիոկայանի համար պարզաբանում է Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վահե Գաբրիլյանը. «Դա նոր գաղափար չէ, սակայն Սադարակում այդ թեման չի քննարկվել, եղել է թեթեւ ակնարկ, սակայն ոչ ներկայացված տեսանկյունից: Այդպիսի առաջարկ ադրբեջանական կողմից եղել եւ մերժվել է նախկինում»:

Խնդիրը քննարկվել է նաեւ Պրահայում երկու նախագահների անձնական ներկայացուցիչների հանդիպման ժամանակ եւ նույնպես մերժվել է: Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. «Հակամարտությունը պետք է լուծվի փաթեթային տարբերակով, եւ այդ փաթեթից որեւէ բաղադրիչ հանել հնարավոր չէ: Իսկ Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտի հանդիսացող տարածքների հարցը փաթեթի բաղկացուցիչ մաս է»:

Վահե Գաբրիելյանի խոսքերով, այս հարցերը չպետք է շփոթել տարածաշրջանում վստահության մթնոլորտ ձեւավորելու քայլերի հետ: Հայաստանը եւս ժամանակին առաջարկել է միակողմանի եւ առանց նախապայմանների բացել երկաթուղին, ինչը իսկապես կլիներ վստահության մթնոլորտի ամրապնդման քայլ, բայց Ադրբեջանը չի համաձայնել:

Տարածաշրջանի ամենալարված իրավիճակի՝ ռուս-վրացական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի պաշտոնյաները բազմիցս նշել են, որ խնդրի լուծումը տարածաշրջանի համար էական նշանակություն ունի:

Սեպտեմբերի 13-ին Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն 3,5 էջանոց նամակ էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որով հերքել էր ռուսական կողմից Վրաստանին ուղղված բոլոր մեղադրանքները: Ըստ Վրաստանի նախագահի գրասենյակի, նամակի պատճենները ուղարկվել են նաեւ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներին, որպեսզի վերջիններս մինչեւ Քիշինեւի գագաթնաժողովը մեկ անգամ էլ ծանոթանան Վրաստանի դիրքորոշմանը, բացատրություններին ու հիմավորումներին:

ԱՊՀ գագաթնաժողովում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ Վահե Գաբրիելյանը նշեց. «Մենք գիտակցում ենք իրավիճակի բարդությունը, եւ ուշադիր հետեւում ենք այդ զարգացումներին: Վստահ ենք, որ լուծումներ անպայման կգտնվեն»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG