Այսօր վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց «Արմենիա միջազգային ավիաուղիներ» ընկերության լիզինգով վարձակալած առաջին ինքնաթիռը:
Ընկերության բաժնետերերից են արդեն հայտնի «Կոտայք» գարեջրի գործարանի ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ «Շամպայն գինիների գործարան»-ի սեփականատեր Հրայր Հակոբյանը: Վերջինս «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում այսօր ասաց, որ, ըստ բիզնես-պլանի առաջիկայում նոր ինքնաթիռներ են վարձակալելու՝ «մինչեւ գարուն կգա երկրորդ ինքնթիռը, ամռանը՝ երրորդը, իսկ հետգայում կխոսենք չորրորդի եւ հինգերորդի մասին»:
Խոչընդոտող հանգամանքներ չլինելու դեպքում, ավիաընկերությունը վաղն արդեն կարող է նոր բերած ինքնաթիռով թռիչքներ իրականացնել: Առաջին թռիչքներից մեկը կլինի դեպի Դուբայ: Ընդհանրապես, նախատեսված է իրականացնել այն թռիչքները, որոնք արդեն Հայկական ավիաուղիների(ՀԱՈւ) չվացուցակում չկան, օրինակ, Դուբայ, Փարիզ, Ամստերդամ, Ֆրանկֆուրտ եւ այլն:
«Արմենիա միջազգային ավիաընկերության» բաժնետերերը, ինչպես նաեւ Հայկական ավիաընկերության ղեկավարությունը հետագայում համագործակցելու հույս ունեն՝ կունենան ընդհանուր ծրագիր եւ համատեղ կօգտագործեն եղած հնարավորությունները:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սամվել Մարգարյանի վկայությամբ, ՀԱՈՒ-ում կա պոտենցիալ, կա նոր ղեկավարություն, որն ունի լավ ծրագիր:
Ավիաընկերության պարտքերի վերաբերյալ տարբեր տվայլներ են շրջանառում՝ 24-27 մլն դոլարի շրջանակներում: Սական, Ընկերության նորանշանակ տնօրեն Արսեն Ավետիսյանի վկայությամբ, դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի տարբերությունը կազմում է մոտավորապես 19 մլն դոլար: Ինքնաթիռները հին են, միջազգային չափանիշներին չեն համապատասխանում, բայց, Ավետիսյանը միանշնակ պնդեց, որ ՀԱՈՒ-ն սնանկ չի ճանաչվելու, կշարունակի գոյատեւել, ամեն ինչ կարվի, որպեսզի զարգանա եւ համագործակցության եզրեր գտնի նոր ավիաընկերությունների հետ: Ընկերությունը, նրա խոսքերով, նույնիսկ այս վիճակում էլ պետք է պահպանի շուկան:
Իսկ «Արմենիա» ավիաընկերության բաժնետեր Հրայր Հակոբյանը կանխատեսում է, որ իրենք կփակեն դեպի Եվրոպա ամբողջ ծրագիրը:
Ինքնաթիռի վարձակալման արժեքը կոմերցիոն գաղտնիք է, բայց, Հակոբյանի հավաստմամբ, այդ գումարը որեւէ կերպ չի ազդելու ավիատոմսերի գների վրա, իսկ հաջողության դեպքում նախատեսում են անգամ իջեցնել գները:
Ի դեպ, «Արմենիա» միջազգային ավիաընկերության մյուս բաժնետեր Գագիկ Ծառուկյանն էլ ասել է, թե իրենք պատրաստ են փակել ՀԱՈՒ-ի պարտքերը, եթե ընկերությունն իրենց տրամադրեն:
ՀԱՈՒ-ի տնօրեն Ավետիսյանի խոսքով, դա իհարկե կառավարության որոշելու խնդիր է, սակայն ՀԱՈւ-ի հետ համագործակցելու ցանկություն հայտնել են մի շարք այլ ընկերություններ եւս, այդ թվում շրջանառվում է նաեւ ռուսական «Սիբիրավիա» ընկերության անունը: Բանակցություններն ու քննարկումները շարունակվում են, եւ մշակվում է համապատասխան ծրագիր:
Ինչ վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայններ» ընկերության հետ Քաղավիացիայի գյխավոր վարչության եւ ՀԱՈՒ-ի հարաբերություններին, ապա բոլորն էլ գոհունակություն հայտնեցին՝ նշելով, որ մոտ ապագայում «Զվարթնոցը» կհամապատասխանի միջազգային չափանիշներին: Շուտով «Զվարթնոց» օդանավակայանը կունենա երրորդ կարգի թռիչքուղի, ինչը ցանկացած եղանակի թռիչքի հնարավորություն կտա:
Սեպտեմբերի 15-ից օդանավակայանում նորոգման աշխատանքներ են սկսվել, դադարեցվել են ցերեկային թռիչքները՝ առավոտյան ժամը 10-ից մինչեւ երեկոյան 10-ը: Եվ այն ինքնաթիռները, որոնք առավոտյան ժամերին նախատեսված թռիչքներ ունեն, ստիպված են տվյալ օդանավակայանում՝ կայանելու համար համապատասխան գումար վճարելով, սպասել մինչեւ սահմանված ժամը:
Ըստ ՀԱՈւ-ի նորանշանակ տնօրեն Արսեն Ավետիսյանի. «Արմենիա միջազգային օդանավակայններ» ընկերության ղեկավարության հետ սակագների շուրջ բանակցությունների ընթացքում պետք է բարձրացվի նաեւ այս հարցը: Հնարավոր է, որ կրած վնասների դիմաց ՀԱՈՒ-ն փոխհատուցում պահանջի կամ այդպիսով մարված համարվեն օդանավակայանին ունեցած պարտքերը:
Իհարկե, լիովին լուծված չեն ՀԱՈՒ-ի եւ միջազգային օդանավակայններ ընկերությունների միջեւ եղած նախկին խնդիրները: «Առ այսօր որեւէ պայմանագրով կարգավորված չեն այդ հարաբերությունները, - ասաց Ավետիսյանը, - այսօր՝ մինչեւ օրվա վերջը, կստորագրվի համագործակցության հուշագիրը»:
Ներկայումս ամրագրված է միայն վառելիքի եւ մեկ ուղեւորի սպասարկման սակագները: Մնացած սակագների շուրջ դեռ քննարկումներ կլինեն:
Կարինե Քալանթարյան, Երեւան