Մատչելիության հղումներ

Վրաց նահանգապետը խոստանում է բարելավել Ջավախքի վիճակը


Սեպտեմբերի 24-ին Երեւան է ժամանել Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Թեյմուրազ Մոսիաշվիլին: Վրաց պաշտոնյան այսօր արդեն հանդիպել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հետ: Հնարավոր է նաեւ հանդիպում «Հզոր Հայրենիք» կուսակցության ղեկավարների հետ:

Կառավարության մամլո հաղորդագրության համաձայն, պաշտոնական հանդիպման ժամանակ վարչապետը հատկապես ընդգծել է Ջավախքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցը:

Ջավախքի նահանգապետը լրագրողների հետ կարճատեւ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ դրանք իսկապես կարեւորագույն հարցեր են, որոնք Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունները փորձում են համատեղ լուծել: Ըստ Մոսիաշվիլու, դեռ հայտնի չեն Ջավախքից ռուսական ռազմակայանների դուրս բերման ստույգ ժամկետները: Հայտնի չեն նաեւ, թե քանի մարդ է աշխատում այդ ռազմակայաններում, քանի որ դա ռուսական կողմի գաղտնիքն է, ասաց նահանգապետը:

Սեպտեմբերի 11-ին Վրաստանի նախագահ Շեւարդնաձեի կարգադրությամբ, Վրաստանի կառավարությունը մշակել եւ ընդունել է Սամցխե-Ջավախքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը: 2003 թվականից երկրի պետական բյուջեում կընդգրկվեն այդ ծրագրից բխող անհրաժեշտ ծախսերը: Իսկ հայկական կողմի մասնակցությունն ինչ ծավալով է լինելու հարցին պատասխանելով՝ Մոսիաշվիլին ասաց, որ դա բարի կամքի դրսեւորում է, չկա որեւէ պարտադրանք եւ Հայաստանը կմասնակցի իր հնարավորությունների սահմաններում:

Նախատեսած միջոցառումների մեջ առաջիններից է հատուկ ծրագրի մշակումը՝ ուղղված անգործության մատնված ձեռնարկությունների վերագործարկմանը եւ նորերի ստեղծմանը:

Ծրագրում ընդգրկվելու են ջրամատակարարման եւ էներգամատակարարման կարգավորման, ինչպես նաեւ ճանապարհաշինության հարցերը: Ըստ Մոսիաշվիլու, տարածաշրջանում այսօր ապահովված է 24-ժամյա էներգամատակարարումը, եւ, եթե վճարումները շարունակեն մնալ ներկայիս՝ 70 տոկոսի մակարդակում, ապա որեւէ խնդիր այս բնագավառում չի լինի: Ի դեպ, այս տարվա մարտից արդեն Հայաստանը դադարեցրել է Վրաստանին էլեկտականության մատակարարումը, քանի որ վերջինս հայտ չի ներկայացրել:

Ախալքալաքի բաշխիչ էլեկտրացանցի տնօրեն Ենոք Խոդիկյանն էլ «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում ասաց, որ հունիսի 22-ից Աշոցքից էներգիա չեն ստանում, եւ այժմ 17 ժամ անընդմեջ հոսանք է մատակարարվում Վրաստանի ընդհանուր էներգահամակարգից: Վարձավճարների հավաքագրման նույն ցուցանիշները պահպանելու դեպքում, նա հույս հայտնեց, որ շուտով կարող են անցնել 24- ժամյա գրաֆիկին: Նրա տվյալներով, Ախալքալաքում մինչեւ 65 տոկոս վճարում է ապահովվում, ինչը Վրաստանի մյուս շրջանների համեմատությամբ ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:

Սամցխե-Ջավախքի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Մարգարյանն առաջարկել է դիտարկել նաեւ Ախալքալաքում Հայաստանի հյուպատոսություն բացելու հնարավորությունը: Այս խնդիրը, Մոսիաշվիլու խոսքերով, նորություն էր իր համար, եւ հարցը կարող է լուծվել միայն միջպետական համաձայնությամբ:

Ինչ վերաբերում է արդեն մշակված ծրագրին, ապա մինչեւ հոկտեմբերի 15-ը Ախալքալաքում կբացվի արեւմտաեվրոպական եւ ամերիկյան սարքավորումներով նոր շրջանային հիվանդանոց: Նմանատիպ հիվանդանոց նախատեսվում է կառուցել նաեւ Նինոցմինդայի շրջանում: Բացի այդ, Ախալքալաքում բացվել է Թբիլիսիի համալսարանի մասնաճյուղը:

Մոսիաշվիլին ընդգծեց, որ ջավախահայության կենսամակարդակը ոչնչով չի տարբերվում ընդհանրապես Վրաստանի բնակչության կենսամակարդակից. «Բոլոր շրջաններում էլ ժողովուրդը լավ չի ապրում», - նկատեց նահանգապետը՝ ավելացնելով, թե երկրի իշխանությունները եւ նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն առաջին հերթին ուշադրության կենտրոնում են պահում Սամցխե-Ջավախքի սոցիալ-տնտեսական զարգացման հարցը: Նրա խոսքերով, վերջին տարիների ընթացքում առաջին անգամ է, որ նման համապարփակ ծրագիր է մշակվում Վրաստանի շրջաններից մեկի համար:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG